7 սեպտեմբերի 2015 - 15:37 AMT
Ստերլիգովը չի խզի Արցախի հետ կապերը՝ այնտեղ տնտեսություն ունի ու պարբերաբար կվերադառնա

ՌԴ գործարար Գերման Ստերլիգովը մտադիր չէ խզել կապերն Արցախի Հանրապետությանհետ և նախատեսում է պարբերաբար վերադառնալ այնտեղ: Ըստ նրա, այն, որ ընտանիքի հետվերադարձել է Ռուսաստան, չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղ չեն վերադառնալու, «Ինտեռֆաքս»-ին հղումով գրում է Tert.am-ը։

«Մեզ համար, կարելի է ասել, այն հարազատ տուն է դարձել»,- ասել է Ստերլիգովը, ով անցյալ շաբաթ է վերադարձել Ռուսաստան։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում նա տնտեսություն է ձեռք բերել, որը պահելու են տեղի ծանոթ բնակիչները։

«Այս պահին մեր փոքր տնտեսությունն ունենք, մեր ալրաղացը, որտեղ ալյուր ենք աղում։ Բացի այդ, այնտեղ գործընկեր ունենք՝ տեղացի երիտասարդ»,- ասել է գործարարը։

Ավելի վաղգործարարի փաստաբանը նշել էր, որ Ստերլիգովը վերջնականապես վերադարձել է Ռուսաստան և մտադիր չէ մոտ ապագայում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։

Վերջերս Ստերլիգովն ընտանիքի հետ Ղարաբաղից վերադարձել է հայրենիք: ԼՂՀ-ում բնակվել էին մի քանի ամիս, ինչը գործարարը պատճառաբանել էր հայրենիքում իր հասցեին սպառնալիքներով։

«Դոմոդեդովո» օդանավակայանում Ստերլիգովին ձերբակալել էին, սակայն ավելի ուշ ձերբակալության մասին լուրը հերքվել էր։ Հաղորդվել էր, որ սահմանապահ ծառայությունները պարզապես «զրուցել են նրա հետ»։

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Ստերլիգովն ընտնիքի հետ փակել է Սլոբոդայում իր տան դռներն ու բնակություն հաստատելու համար մեկնել Լեռնային Ղարաբաղ: