7 սեպտեմբերի 2015 - 19:12 AMT
Հռոմի պապ. Ամենամեծ հալածանքներից մեկը հայ ժողովրդի հանդեպ էր՝ քրիստոնյա լինելու համար

Հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ամենամեծ հալածանքներից մեկը, և հայերին հետապնդել են միայն քրիստոնյա լինելու համար։ Այս մասին հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 7-ին Կիլիկիայի նորընտիր պատրիարք Գրիգոր Պիեռ Գաբրոյանի հետ մատուցած պատարագի ժամանակ Սանտա Մարթա բնակավայրում գտնվող մատուռում:

Հռոմի պապն անդրադարձել է մեր օրերում քրիստոնյաների հալածանքներին՝ նշելով, որ դա տեղի է ունենում գերտերությունների հանցակից լռությամբ, Radiovaticana.va –ին հղումով գրում է Tert.am-ը:

Նա հիշել է, որ ամենամեծ հալածանքներից մեկը տեղի է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ:

«Առաջին ժողովուրդը, որ քրիստոնեություն է ընդունել։ Նրանք հետապնդման են ենթարկվել պարզապես քրիստոնյա լինելու համար: Քշվել են իր հայրենիքից՝ անօգնական, անապատում»,- ասել է Հռոմի պապը:

Նա ողջունելով հայ պատրիարքին, հավատացյալ հայ ժողովրդին և հոգևորականներին՝ նշել է, որ ցանկանում է հիշել հայ ժողովրդի նկատմամբ հալածանքները և այն սրբերին, որոնք մահացել են սովից, ցրտից, խոշտանգումներից՝ միայն քրիստոնյա լինելու համար:

Հռոմի պապի խոսքով՝ անգամ այսօր, գուցե ավելի շատ, քան հին ժամանկներում, քրիստոնյաները հալածվում են, սպանվում, վտարվում քրիստոնյա լինելու համար:

«Այսօր նույնպես դա տեղի է ունենում ambողջ աշխարհում շատ առաջնորդների հանցակից լռությամբ, ովքեր կարող էին դա դադարեցնել»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Հռոմի պապն իր աղոթքի վերջում խնդրել է Աստծուն բոլորին այն ուժով օժտել, որ ցույց են տվել քրիստոնյա նահատակները և հատկապես հայ քրիստոնյաները:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։

Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել էր հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով էր կոպիտ քննադատություններից մինչև վիրավորանքներ Հռոմի պապի և արգենտինացիների հասցեին:

Հռոմի պապը Վատիկանում` Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ընդլայնված նիստի մասնակիցների ընդունելության ժամանակ հորդորել է բարեգործներին քրիստոնյաներին օգնելիս չմոռանալ նաև Հայաստանի մասին:

Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համար հիմնական սպառնալիքը բխում է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումից:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին: