8 սեպտեմբերի 2015 - 12:15 AMT
Թուրքիայում պայթյուն է որոտացել, որը լսվել է նաև ՀՀ-ում. Բախումներից հայկական եկեղեցի է վնասվել

Թուրքիայի արևելյան շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը սեպտեմբերի 8-ին՝ ժամը 09:46-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում:

Նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ սեպտեմբերի 7-ին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել՝ Դաղլըջայում տեղի ունեցած ահաբեկչության հարցով: Նիստը տևել է 1 ժամ 15 րոպե, «Անադոլու»-ին հղումով գրում է Tert.am-ը:

Դիարբեքիրի Սուր շրջանում սեպտեմբերի 7-ին բախումներ են եղել, որոնց հետևանքով վնասվել են նաև տարածքում գտնվող հայկական եկեղեցին և մզկիթը:

Հայկական պատմական Սուրբ Կիրակոս եկեղեցու մոտակայքում ինքնաշեն ռումբ է պայթել, որի հետևանքով կոտրվել են եկեղեցում ապակիները, թուրքական Aktifhaber լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Բացի այդ, եկեղեցու ցուցանակի վրա հայտնաբերվել են փամփուշտների հետքեր:

Շրջանի Հասըրլը թաղամասի մի շարք փողոցներում հայտնաբերվել են ականանետեր:

Ստամբուլի ոստիկանությունը հատուկ հակաահաբեկչական գործողություն է իրականացրել։

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 6 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու համար:

Նաև հաղորդվում է, որ հատուկ գործողություններ են անցկացվելու Թուրքիայի տարբեր քաղաքներում:

Հաքքարի նահանգի Դաղլըջա գյուղում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև ընթացող ռազմական գործողությունների շրջանակներում զոհերի թիվը մեծանում է: Թուրքական «takvim.com.tr» լրատվակայքը տեղեկացնում է, որ Դաղլըջայում օդային՝ F16 և F4 ռազմական ինքնաթիռների միջոցով, և ցամաքային՝ ԶՈՒ հատուկ ծառայության ջոկատների և կարմիր բերետավորների մասնակցությամբ ռազմական գործողություններ են իրականացվում քուրդ զինյալների 250 հոգանոց խմբի դեմ: Նշվում է, որ թուրքական ուժերը ՔԲԿ-ականներին շրջափակել են՝ դեպի Իրաք նրանց փախուստը կանխելու համար:

Բախումների հետևանքով 73 քուրդ զինյալ զոհվել է, ևս 25-ը գերի է ընկել: Ըստ աղբյուրի՝ այժմ գործողությունները շարունակվում են քրդերի արդեն 150 հոգանոց խմբի դեմ:

Սեպտեմբերի 7-ին հայտարարված պաշտոնական տվյալներով ` թուրքական կողմը 16 կորուստ և 6 վիրավոր է ունեցել, իսկ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Դաղլըջայում արդեն 21 թուրք զինվոր է զոհվել:Մինչ այժմ Թուրքիայում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2.500 մարդ:

Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի Հաքքարիի Յուքսեքովա շրջանի Դաղլըջա գյուղում PKK զինյալների և թուրք զինվորների միջև տեղի ունեցած բախումից հետո, Թուրքիայի ԶՈՒ-ն սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ: Դեպի Դաղլըջա են ուղարկվել օդային ուժեր: Մասնավորապես դեպի վերոնշյալ գյուղ են ուղարկվել «Kobra» տեսակի ռազմական ուղղաթիռներ, որոնք պատկանում էին Թուրքիայի Զինված ուժերի Յուքսեքովայի 3-րդ դիվիզիայի և Հաքքարիի ջոկատի հրամանատարություններին:

Նշվում է նաև, որ Հաքքարի քաղաք են տեղափոխվել նաև մեծ թվով զրահապատ մեքենաներ: Վերջիններս տեղակայվել են տեղի զիվորական պարեկային կետերի մոտակայքում:

Սեպտեմբերի 6-ին Հաքքարիի Դաղլըջա գյուղում «Քրդական բանվորական կուսակցության» կողմից ականապատված ճանապարհով անցնող 2 թուրքական զրահամեքենա էր պայթել: Չնայած վերոնշյալ իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարութան մեջ զոհերի թիվը չի նշվում, սակայն թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ` ըստ հավաստի աղբյուրների դեպքերի ընթացքում սպանվել է առնվազն 21 թուրք զինվոր: Ինչին ի պատասխան թուրքական օդային զինուժը սկսել է ռմբակոծել քուրդ զինյալների հենակետերը:

Ավելի վաղ քուրդ զինյալները տեղեկություն էին տարածել այն մասին, թե իրենք թուրքական զինուժին պատկանող ավտոշարասյուն են պայթեցրել։ Տարբեր տվյալներով՝ ավտոշարասյան կազմում եղել է մինչև 37 մարդ: Թուրքական աղբյուրները հաղորդում են 16 զոհի մասին։

Դրանից հետո Թուրքիայի օդուժը հատուկ գործողություն է սկսել քուրդ զինյալների դեմ։ Օդ բարձրացած F-16 և F-4 կործանիչները հարվածներ են հասցնում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի ուժերին:

Հաքքարի նահանգում գտնվող 13 կետում օդային գործողություն է իրականացվել։ Հաղորդվում է բազմաթիվ զոհերի մասին։

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ: