Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության ՏՀԿ վարչության հայտարարության մեջ:
Վարչությունը այդպես է մեկնաբանել Հասանովի հայտարարությունը, թե սահմանագոտում զինավարժության ընթացքում հայկական օդուժի թռիչքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում:
Մարտական պատրաստվածության մակարդակի ստուգման նպատակով սեպտեմբերի 6-ին Ադրբեջանում մեկնարկել է ԶՈւ-ի հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություն:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երևույթին, խիստ մտահոգված է և փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ», – ասվում է մեկնաբանությունում:
Ինչ վերաբերում է սահմանագոտում իրականացվող թռիչքներին, ապա հայկական օդուժը մշտապես ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զորավարժությանը մասնկացում են 65.000 զինծառայող, 700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 միավոր հրթիռային և հրետանային միջոցներ, ՌՕՈւ մոտ 40 ռազմական ինքնաթիռ ու 50 ուղղաթիռ, ՌԾՈւ 20 նավ, կատեր ու հակաօդային պաշտպանության համակարգեր: Օդային հետախուզության առաջադրանքների կատարման նպատակով կիրառվելու են նաև ԱԹՍ-ներ:
Հատկանշական է, որ Ադրբեջանն այս զորավարժությունը ևս կազմակերպել է միջազգային նորմերի խախտումներով։ Մասնավորապես անտեսվել է Վիեննայի 2011-ի փաստաթուղթը, որով սահմանվում է՝ մասնակից պետությունները (այդ թվում նաև Հայաստանն ու Ադրբեջանը) պետք է ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին մինչև 9000 մարդ` ներառյալ ապահովման ուժերը, կամ մինչև 250 մարտական տանկեր կամ մինչև 500 մարտական զրահապատ մեքենաներ (ՄԶՄ) կամ մինչև 250 ինքնագնաց կամ քարշակող հրետանի, ականանետեր և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (100 մմ և ավելի տրամաչափի) ներառող բոլոր զորավարժությունների մասին:
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ¬-ում անցկացվող «Շանթ» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցում տվյալ սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության և փոխվստահության ապահովման նկառատումներով դրանք ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով հայտարարվել են: Ինչ վերաբերվում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ապա, դատելով հրապարակված թվերից, դրանք պետք է հայտարարվեին նախապես, ինչը չի արվել:
Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ն անցկացվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարել է ՀՀ նախագահը:
Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի էր և նպատակաուղղված էր պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: