11 սեպտեմբերի 2015 - 14:16 AMT
Հայ գիտնականն արժանացել է ICO Galileo Galilei Award միջազգային հեղինակավոր մրցանակի

ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազորտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանն արժանացել է 2015թ-ի ICO Galileo Galilei Award միջազգային հեղինակավոր մրցանակի՝ «Ալկալի ատոմների բարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում իր կարևոր նվաճումների և Հայաստանում փորձարարական ատոմային ֆիզիկայի առաջմղման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը։

ICO Galileo Galilei Award մրցանակը շնորհվում է Օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտի հետազոտողներին` համեմատաբար անբարենպաստ պայմաններում ունեցած ձեռքբերումների համար:

Արամ Պապոյանը ծնվել է 1959 թ․ դեկտեմբերի 25-ին` Երևանում: Նրա հետազոտությունների բնագավառն է լազերային ֆիզիկան, ատոմային ֆիզիկան, քվանտային և ոչ գծային օպտիկան: Արամ Պապոյանը 2004թ-ին արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի: Նա Եվրոպական օպտիկական ընկերության անդամ է, անդամակցում է նաև Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» ազգային ֆոնդին: 2010թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: