11 սեպտեմբերի 2015 - 18:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Օհանյան. Շարքայինների և հրամանատարների համատեղ աշխատանքով զորավարժությունը հասավ իր նպատակին

Առաջին անգամ «Իգլա Ս» դյուրակիր ԶՀՀ-ն գործածող ժամկետային զինծառայողը խոցեց պայմանական հակառակորդի օդային թիրախը. հարձակման պլանով այսօր՝ սեպտեմբերի 11-ին, «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում կայացավ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության օպերատիվ-մարտավարական փուլը:

Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ն անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Այն ղեկավարում է ՀՀ նախագահը:

Կրակային փուլի մեկնարկից առաջ կայացավ զինտեխնիկայի ցուցադրություն՝ ներկայացվեցին ինչպես «Ասպար Արմս» հայկական ընկերության արտադրանքը, այնպես էլ լեհական և հունական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ գործակցության արդյունքները:

Օպերատիվ մարտավարական զորավարժությունը ղեկավարող 3-րդ բանակային կորպուստի հրամանատար գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի խոսքով, նախնական մտահղացմամբ գունդը պետք է բերվեր մարտական պատրաստականության բարձր աստիճանի, տեղաշարժ իրականացներ համակցված եղանակով, կենտրոնական շրջան զբաղեցներ և պատրաստվեր հարձակողական մարտի.

«Հարձակման անցնել խորքից առաջխացմամբ՝ հակառակորդի պահեստազորի հակագրոհը հետ մղելով, գրոհ զարգացնելով և նահանջող հակառակորդին հետապնդելով, նպաստավոր բնագիծ զբաղեցնել ու անցնել պաշտպանության»:

Հրամանատարն ընդգծեց, որ այս գործողություների նպատակն էր կատարելագործել հրամանատարների և շտաբների գործնական ունակությունները ղեկավարելու և կրակը կազմակերպելու, ավիացիայի և օդային մարտավարական դեսանտի հետ փոխգործակցություն կազմակերպելու մասով, բարձրացանել անձանակազմի դաշտային պատրաստվածության մակարդակը, բարոյահոգեբանական վիճակը բարդ պայմաններում գործելիս:

Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրման արարողությունից առաջ հայտարարեց. «Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքում մեր առջև դրված խնդիրներն իրագործվել են, զորավարժությունը հասել է իր նպատակին, և սա շարքային զինվորների ու հրամանատարների համատեղ աշխատանքի արդյունքում»:

Զորավարժության ժամանակ ակտիվությանբ առանձնացած և լավագույն արդյունքները ցուցադրած զինծառայողները պարգևատրվեցին հուշամեդալներով, շնորհակալագրերով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

ՖՈՏՈՇԱՐՔ