15 սեպտեմբերի 2015 - 10:28 AMT
ՌԴ ՊՆ հենքի վրա կստեղծվի ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոն

Տաջիկստանի մայրաքաղաքում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ վեց երկրների ԱԳ, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը:

ՌԴ, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգն ու մոտ 10 փաստաթուղթ և հայտարարություն, որոնք ընդունելու են այսօր պետությունների ղեկավարները: Ակնկալվում է, որ սեպտեմբերի 15-ին կամփոփվեն ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության արդյունքները, իսկ նախագահությունը կստանձնի Հայաստանը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ինչպես հայտնել է աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում, բանակցությունների արդյունքում ՌԴ ՊՆ հենքի վրա կստեղծվի ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոն:

«Աշխատանք է տարվում ՌԴ ՊՆ հենքի վրա ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ուղղությամբ»,-ասել է նա:

Աղբյուրը նշել է, որ «գործնական փուլ է անցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության կենտրոնի 2014 թ. դեկտեմբերյան նստաշրջանի «ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման մասին» որոշման իրականացումը:

Աղբյուրը հավելել է, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում կանցկացվեն խաղաղապահ ուժերի «Անխախտ բարեկամություն-2015» զորավարժություններ հավաքական անվտանգության համակարգի օպերատիվ և մարտական պատրաստականության կատարելագործման շրջանակում:

Նա նշել է, որ կակտիվացվի նաև մինչև 2025 թ. համար ՀԱՊԿ Հավաքական ռազմավարության համաձայնեցումը, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ և փորձագետների խորհրդակցություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: