23 հոկտեմբերի 2006 - 18:36 AMT
Առաջիկա մեկ-երկու տարում Ղարաբաղի հարցով որոշում պետք չէ սպասել
Պաշտոնապես Մինսկի գործընթացը ոչ ոք չի կանգնեցրել: ԵԱՀԿ ՄԽ-ն ձեւաչափ է, որը ստեղծված է, որպեսզի աջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Սակայն, սկսած 2001 թվականից, այն գտնվում է սառեցված վիճակում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, ԶԼՄ-ների Կովկասի ինստիտուտի (ԶԼՄԿԻ) ռեկտոր Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, վերջին ժամանակներս նկատվում են Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացնելու փորձեր: «Համանախագահների վերջին այցը հանդիսանում է դրա հաստատումը: Սակայն ես չեմ կարծում, որ հակամարտության արագ կարգավորումը հնարավոր է: Կողմերը, ցավոք, բավականին հեռու են միմյանցից իրենց դիրքորոշումներով: Ոչ ադրբնեջանցիները, ոչ հայերը պատրաստ չեն այն աստիճանի փոխզիջման, որին պետք է գնան: Այսինքն, առաջիկա մեկ-երկու տարում Ղարաբաղի հարցով որոշում պետք չէ սպասել»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, քաղաքագետը ասել է, որ էներգիա է հավաքվում Մինսկի գործընթացի ակտիվացման համար, ինչը կարող բերել Հայաստանի եւ Ադրբեջանի օգտակար շփումների խորացմանը: «Այդպիսով, վերականգնվել է երկխոսությունը երկու երկրների միջեւ, որը վերջին տարիներին գրեթե բացկայում էր: Դա, ճիշտ է, դեռ չի նշանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորում: Եւ, այնուամենայնիվ, բանակցությունների առկայությունը ավելի լավ է, քան դրանց բացակայությունը»,- ընդգծել է Իսկանդարյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ