ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կկազմակերպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդների հետագա քայլերի հարցը, Report.az-ին հղումով գրում է Civilnet-ը:
Դեսպանի խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպմանը միջնորդները նախարարների հետ կքննարկեն տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը:
Դեսպան Սեկուտան նաև տեղեկացրել է, որ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել այս աշնանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հուլիսի վերջին Հայաստանում էին, ապա մեկնել էին Ադրբեջան: Նրանց այցի նպատակն էրնախապատրաստել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը։
Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը 2014-ի հոկտեմբերի 27-ին էր՝ Փարիզում: Այդ ժամանակ նախագահները հանդիպել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև կայացել էր Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը։