16 սեպտեմբերի 2015 - 14:36 AMT
ՅՈւՆԵՍԿՕ. Հնագիտական պեղումների վայրերը Սիրիայում թալանվում են «արդյունաբերական մասշտաբով»

Հնագիտական պեղումների վայրերը Սիրիայում թալանվում են «արդյունաբերական մասշտաբով», իսկ հայտնաբերված նմուշների վաճառքից ստացված գումարները օգտագործվում են «Իսլամական պետության» գրոհայիններին ֆինանսավորելու համար: Այս մասին հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Արբանյակներից արված լուսանկարների վրա երևում է, որ հնագիտական պեղումների վայրերը Սիրիայում պատված են հարյուրավոր կետային ապօրինի փորված փոսերով: Դա վկայում է «արդյունաբերական մասշտաբի թալանի» մասին, հայտնում է Ինտերֆաքսը:

Բացի այդ, «Իսլամական պետության» գրոհայինները միտումնավոր կերպով ոչնչացնում են ոչ իսլամական մշակույթին չպատկանող պատմական օբյեկտները: Այդպես, սեպտեմբերին նրանք երեք դամբարան պայթեցրին հնագույն Պալմիրայում: Շինությունները կառուցվել էին մ.թ.ա. 103-ից՝ 44 թվականներին, դրանց թվում էր նաև Էլաբելի աշտարակ-դամբարանը:

Օգոստոսի 30-ին ԻՊ գրոհայինները Պալմիրայում պայթյուններ իրականացրin, որոնց արդյունքում մասնակիորեն փլուզվել էր Բելի տաճարը, որը համարվում էր հին քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկը:

Ավելի վաղ ԻՊ գրոհայինները հայտարարություն էին տարածել, որ խոստանում են «զուսպ» լինել հելլենական մշակույթի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկի` Սիրիայի տարածքում գտնվող Պալմիրայի ավերակների հարցում: Ըստ տեղաբնակների, ահաբեկիչները հայտարարել էին, թե չեն դիպչի ավերակներին ու խոստացել էին քանդել միայն անտիկ հուշարձանները, որոնք, ըստ իսլամի, հեթանոսական կուռքեր են:

Քաղաքում 1,5-2 հազար ահաբեկիչ կա: Սիրիական բանակը շարունակում է ուժեր կուտակել քաղաքի մատույցներում հնարավոր գրոհի համար:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել էր գրոհայինների կողմից անտիկ դարաշրջանի Բաալ Շամին տաճարի պայթեցումը սիրիական Պալմիրայում, ինչպես նաև հնագետ գիտնականի սպանությունն այդ քաղաքում: ՄԱԿ ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ ծայրահեղականների գործողությունները գնահատվել են որպես «ահաբեկչություն և ռազմական հանցագործություն»: Պան Գի Մունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը վերջ տալ դրան: