16 սեպտեմբերի 2015 - 17:17 AMT
Թուրքիայի ԱԳ նախարարը ԼՂ հիմնահարցը տարածաշրջանի անվտանգության ամենամեծ խնդիրն է որակել

Բաքվում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանը քննարկման հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր: Այս մասին սեպտեմբերի 16-ին ասել է թուրք նախարարը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Այդ հարցը ես դիտարկում եմ որպես ամենամեծ խնդիրը տարածաշրջանի անվտանգության և զարգացման համար։ Թուրքիան մտադիր է շարունակել ջանքեր ներդնել այդ հարցի լուծման ուղղությամբ։ Հարցի լուծումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Մենք ցանկանում ենք, որ դա հասկանան նաև այլ երկրներ և միջազգային հանրությունը»,- նշել է Սինիրլիօղլուն։

Նրա խոսքով՝ իրենք հետևում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և անհրաժեշտության դեպքում քննադատում կամ հավանություն են տալիս նրա գործունեությանը։ Թուրք նախարարը նշել է, որ «հարկ է հրաժարվել այնպիսի քայլերից, որոնք կարող են իրավիճակի սրման հանգեցնել», ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը:

Սինիրլիօղլուն ընդգծել է, որ երկու երկրները ոչ միայն եղբայրներ են, այլև ռազմավարական գործընկերներ։

Թուրքիայի արտգործնախարարը Բաքու այցի ընթացքում հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Վերոնշյալ հանդիպումների ժամանակ բացի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի, քննարկվելու են նաև երկկողմ հարաբերությունները, Սիրիայում և Իրաքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև փախստականների հարցը:

Արտգործնախարարի պաշտոնում սա Սինիրօղլու 2-րդ արտասահմանյան այցն է: Առաջինը կատարել էր սեպտեմբերի 7-ին հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն: Սինիրօղլուն, սեպտեմբերի 11-ին պաշտոնական այցով մեկնելով Ղազախստան և մասնակցելով Թյուրքախոս եկրների գործակցության խորհրդի 5-րդ գագաթնաժողովին, կրկին խոսել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ առաջ քաշելով թուրք-ադրբեջանական պաշտոնական թեզերը:

Վերջին շրջանում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված էր:Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ էր պահում Տավուշի մարզը:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից այնտեղ պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Հայկ Դևոյանը: Զոհեր էր տվել նաև ԼՂՀ ՊԲ-ն՝ամսի 4-ին հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել էին պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանը և Արման Ստեփանյանը: