16 սեպտեմբերի 2015 - 17:21 AMT
Երևանը ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ քաղաքների լավագույն հնգյակում է

Երևանը 2015 թվականին ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ քաղաքների լավագույն հնգյակում է: Զբոսաշրջային Travel.ru ծառայությունը որոշել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ երկրների թվում ամենահայտնի ուղղությունները։ Վարկանշային ցանկը կազմվել է ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների կողմից այս տարի ԱՊՀ-ում հյուրանոցների ամրագրումների մասին տվյալների հիման վրա, հայտնում է Tert.am-ը:

Տվյալների համաձայն՝ ռուսների շրջանում ԱՊՀ թոփ-10 քաղաքների ցանկում են Մինսկը, Կիևը, Ալմաթին, Բաքուն, Երևանը, Աստանան, Վիտեբսկը, Բիշքեքը, Տաշքենդը և Քիշնևը։

Ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի երկրների հնգյակը գլխավորում է Բելառուսը, որին հասնում է ուղևորությունների 37 տոկոսը։ Ուկրաինային բաժին է ընկնում 22 տոկոսը, Ղազախստանին՝ 16 տոկոսը, Ադրբեջանին՝ 9 տոկոսը, Հայաստանին՝ 7 տոկոսը: ԱՊՀ մնացած երկրներին հասնում է 10 տոկոսից քիչ։

Travel.ru-ի տվյալներով՝ Մինսկում ռուս զբոսաշրջիկները հյուրանոցում մնալու համար ծախսում են օրական մոտ 73 դոլար, Կիևում՝ 87, Ալմաթիում՝ 84, Բաքվում՝ 78, Երևանում՝ 63: ԱՊՀ-ում ամենաէժան մայրաքաղաքը Բիշքեքն է՝ օրական 30 դոլար, իսկ ամենաթանկը՝ Աստանան՝ օրական 115 դոլար։

ԱՊՀ ամենատարածված հանգստավայրերի առաջին հնգյակում են հայտնվել Ղրղզստանի Իսիկ-Կուլ լիճը, Բելառուսի Նարոչ լիճը, Ղազախստանի Բորովոեն, Ադրբեջանի Նաբրանը և Հայաստանի Սևանա լիճը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական պարբերականները, անդրադառնալով գարնանը կանանց և մայիսյան տոների անցկացման լավագույն վայրերի ընտրությանը, նախընտրելի ուղղություն էին դիտարկել Երևանը, բացի այդ, հյուրանոցների ամրագրման տեսանկյունից ևս մայրաքաղաքն առաջատար դիրքերում էր: