ԵՏՄ-ում Հայաստանի գործընկերների հետ կա պայմանավորվածություն, որ ՀՀ առաջարկը` որոշ ռազմավարական նշանակության ապրանքների դիմաց վճարել ռուբլով, կքննարկվի չորրորդ եռամսյակում` տարվա վերջին: Այս մասին ԱԺ–ում լրագրողներին տեղեկացրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Այդ գործընթացն այդքան արագ չի լուծվելու, բայց կարևոր է այն, որ մենք հարց ենք ընդգրկել օրակարգում և կքննարկենք», - ասել է վարչապետը, մեջբերում է Tert.am-ը:
Հարցին, թե սրանից բխո՞ւմ է, որ պետք է փոփոխվի գազի պայմանագիրը, ՀՀ վարչապետը պատասխանել է, թե կքննարկեն:
Աբրահամյանը նաև մանրամասնել է, որ առաջարկն առաջին հերթին վերաբերել է էներգակիրներին, որպեսզի դրանց դիմաց Հայաստանը վճարի ռուբլով. դոլար-դրամ-ռուբլի տատանումները առաջին հերթին ազդում են ՀՀ բնակչության վրա:
Հայաստանը ԵՏՄ անդամ երկրներին առաջարկում է ռազմավարական ապրանքների առևտուրն իրականացնել ռուբլով` առանց դոլարի հետ կապ ունենալու: Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բելառուսի Գրոդնոյում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:
Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13%-ը: