17 սեպտեմբերի 2015 - 11:48 AMT
«Ինտեր ՌԱՕ»-ն կվաճառի ՀԵՑ-ը. Կառավարությունը կողմ է որոշմանը

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստին որոշում է ընդունել օտարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

Նիստին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, արդարադատության նախարարին, ֆինանսների նախարարին և էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է եռօրյա ժամկետում ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը ու ներկայացնել եզրակացություն, գրում է Tert.am-ը:

ՀՀ Կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգ էր ընգրկվել «Ինտեր ՌԱՕ» Հոլդինգի` ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի օտարման հայտի քննարկումը:«Ինտեր ՌԱՕ»-ն մտադրություն էր հայտնել 100% սեփականության իրավունքը փոխանցել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

Կառավարությունը օտարման հայտով որոշման նախագծում հանձնարարականներ է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ հիմք ընդունելով Կառավարության 2001-ի հուլիսի 20-ի «ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին» N 668 որոշմամբ հաստատված ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները, պահանջել համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել և մշակել պայմանագրի նախագիծ, որով նշված ընկերությունը ամբողջովին կստանձնի Կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002-ի օգոստոսի 26-ին կնքված ՀԷՑ ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի վաճառքից բխող գնորդի բոլոր պարտավորությունները:

Այդ թվում` այն պարտավորությունները, որոնք «Երևանի էլեկտրացանց» «Հյուսիսային էլեկտրացանց» «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար:

Մյուս հանձնարակականն է ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջև կնքվող ՀԷՑ ընկերության 100% բաժնետոմսերի օտարման պայմանագիրը և տալ եզրակացություն:

Ինչպես նաև` առաջարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մասնակցել այս որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված պայմանագրի նախագծի մշակման աշխատանքներին եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» (Liormand holdings limited) ընկերությունը գրանցվել է 2010-ին Կիպրոսում: Ընկերության գործունեության, սեփականատերերի մասին տվյալները բացակայում են: I-cyprus.com կայքում նշվում է, որ ընկերության մասին տվյալներ կարելի է ստանալ որոշակի վճարի դիմաց:

Հուլիսին «Ինտեր ՌԱՕ» ընկերության ներդրումների և ռազմավարության բլոկի ղեկավար, կառավարման անդամ Իլնար Միրսիյապովը հայտնել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վնասը, որն առաջացել է սակագնային կարգավորման համակարգային խնդիրների արդյունքում, 2014-ին ավելացել է 8%-ով՝ կազմելով 10,7 մլրդ դրամ:«Գործող սակագնային կարգավորումը չի երաշխավորում եկամտի ստացում ՀԷՑ-ից և հանգեցնում է քրոնիկ վնասների»,- ասել է նա՝ նշելով, որ ընկերության բաժինը Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտի սակագնային եկամտում 5 տարվա ընթացքում նվազել է ավելի քան 2 անգամ՝ 50%-ից հասնելով 23%-ի։ Միրսիյապովի խոսքով՝ դա նշանակում է, որ սպառողական սակագների բարձրացումից լրացուցիչ եկամուտներ ստացել են գեներացնող ձեռնարկությունները, այլ ոչ թե ՀԷՑ-ը։ Իսկ սակագնի 73% աճը բաժին է հասնում հանրապետության այլ էլեկտրաէներգետիկ ձեռնարկություններին:

ՀԷՑ-ին են պատկանում 36.000 կմ երկարությամբ ցանցը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել: