18 սեպտեմբերի 2015 - 19:02 AMT
Աշոտյան. Դեռ չենք կարող հրաժարվել հատուկ դպրոցներից

Այսօր ամբողջությամբ չենք կարող հրաժարվել հատուկ դպրոցներից, քանի որ կան որոշակի առողջական խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս բոլոր երեխաներին դառնալ ներառական կրթության շահառու: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ներառական կրթություն իրականացնող Ջ. Կիրակոսյանի անվան Երևանի թիվ 12 հատուկ և Երևանի թիվ 20 դպրոցներ սեպտեմբերի 18-ին կատարած այցելության ժամանակ:

«Ակնհայտ է, որ ներառական համակարգի ներդրման պարագայում, ըստ նախնական հաշվարկների, այդպիսի երեխաների 90%-ի համար կարող ենք ստեղծել հավասար հանրային մատչելի պայմաններ նաև կրթության համար: Եվ այստեղ խնդիրը միայն կրթության որակի մեջ չէ. դպրոցից է սկսվում բարի հասարակություն կառուցելու այն գաղափարախոսությունը, որը դրված է ներառականության հիմքում»,-ասել է Աշոտյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Ըստ Աշոտյանի՝ ներառական համակարգում ներառված մանկավարժական և ծնողական համատեղ աշխատանքի տեսանելի արդյունք տված երեխաները լավագույն պատասխանն են բոլոր այն մարդկանց քննադատական կարծիքներին, ովքեր թերահավատ են մոտենում այս բարեփոխմանը:

Օգոստոսի 26-ին կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը հայտնել է, որ Մինչև 2025-ը Հայաստանում բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: «Ներառականության գաղափարախոսությունն այն մասին է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից զարգացման խնդիրներ ունի թե ոչ, պետք է իրեն հարմարավետ և կարևորված զգա ուսումնական միջավայրում, և դպրոցը պետք է կարողանա յուրաքանչյուր երեխայի կարիքների մասին հոգ տանել», - շեշտել է նա:

Համաձայն օրենքի բնորոշման՝ ներառումը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ներգրավվածությունն է ուսումնական պրոցեսին:

ՀՀ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը ընդունվել է 2005-ին: Ներառական համակարգի ներդրմամբ, Հայաստանը կատարում է նաև իր միջազգային պարտավորությունը. 2010-ին ՀՀ-ն վավերացրել է հաշմանդամների իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթուղթ, որով նաևպարտավորություն է ստանձնել համապատասխան խտրականությունները վերացնելու եւ միասնական ծառայություններ մատուցելու տեսակետից, այդ թվում`կրթության ոլորտում:

2013-ի տվյալներով՝ Հայաստանում գործում է մոտ 107 ներառական դպրոց: