19 սեպտեմբերի 2015 - 11:17 AMT
Քերրի. ԱՄՆ-ՀՀ հարաբերություններն ամուր են, քան երբևէ

Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. դրանք ամուր են քան երբևէ: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի` Հայաստանի Անկախության տոնի առթիվ հղած ուղերձում:

«Նախագահ Բարաք Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից լավագույն մաղթանքներն եմ հղում հայ ժողովրդին, որը սեպտեմբերի 21-ին տոնում է Անկախության օրը», - գրել է Քերրին` ընդգծելով, որ երկկողմ ջերմ հարաբերությունների ապացույցը Հայաստանի տնտեսության մեջ կատարված ամերիկյան ներդրումներն են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայկական ուժերի նվիրվածության և անձնազոհության համար, ինչպես նաև նշել է, որ գնահատում են երկու ժողովուրդների մշակութային կյանքը հարստացրած հայերի բազմաթիվ նվաճումները:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները անկախության 24-րդ տարեդարձը նշող Հայաստանի գործընկերն է ու բարեկամը:

«Մենք լիովին սատարում ենք Հայաստանի անվտանգությունը, բարգավաճումը և ժողովրդավարական զարգացումը», - ասված է Քերրիի ուղերձում:

23 տարի առաջ օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը: Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։

1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանն անկախ պետություն ճանաչելու օգտին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 95%-ն այդ հարցին դրական պատասխան տվեցին: