Սեպտեմբերի 18-ին Վրաստանի մշակույթի նախարարության և հուշարձանների պահպանության նախարարությունում բացվել է տարածաշրջանային համաժողովը, որի ընթացքում պաշտոնապես մեկնարկ է տրվել Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախագծերին՝ «Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարությունը պատմական քաղաքներում»՝ COMUS-ին և Արևելյան գործընկերության երկրների մշակութային և ստեղծագործական ծրագրին:
COMUS-ը միտված է տեղի համայնքների և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ ուրբանիզացման ռազմավարությունների զարգացմանը: Այն գործակցության հարթակ է Արևելյան գործընկերության երկրների համար:
COMUS ծրագրի մասնակիցներն են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան: Ծրագիրը նախատեսում է աջակցել և խրախուսել այս երկրներում բարեփոխումների կատարմանը: Ծրագրի տևողությունը 30 ամիս է՝ 6 երկրի պիլոտային քաղաքների մասնակցությամբ:
Յուրաքանչյուրը 6 գործընկեր երկրից ընտրվել են պիլոտային քաղաքներ COMUS նախագծին ակտիվորեն մասնակցելու համար: Նախագիծը թույլ էր տալիս առաջադրել 1 կամ 2 պիլոտային քաղաք, և խրախուսում է ունենալ «Ասոցացված քաղաքներ»`գործընթացին ուշադիր հետևելու (սովորելու) նպատակով, առանց պարտավորված լինելու COMUS-ի բոլոր պարտականությունները կատարել: Այսկերպ ստեղծվում է պատմական քաղաքների ցանց ինչպես յուրաքանչյուր մասնակից երկրում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում:
Հաստատվել է COMUS-ի 10 պիլոտային քաղաք, Հայաստանից ներկայացվել ու ընտրվել է Գյումրին և Գորիսը, գրում է Tert.am-ը:
Եվրոպայի խորհրդից գլխավոր փորձագետ Ֆիլիպ Շտեյնը ներկայացնելով COMUS ծրագիրը, նշել է, որ նախագծի նպատակն է վերակենդանացնել մշակութային ժառանգությունը, ներգրավել տեղի համայնքներին և նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը մշակութային ռեսուրսների օգտագործմամբ: Դրա համար կարևոր է տեղի քաղաքացիների ներգրավվածութունը:
Նախագծերի ներկայացումից հետո պիլոտային քաղաքների քաղաքապետերի ներկայությամբ տեղի է ունեցել COMUS-ի Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ծրագրի մասնակից երկրների մշակութային գերատեսչությունների ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի միջև:
«Ես դրական արդյունքների եմ սպասում, և կարծում եմ, որ երեք նախագծերն էլ կնպաստեն հասարակության գիտակցության բարձրացմանը, թե ինչ կարևոր դեր է խաղում մշակույթը մեր կյանքում»,- հուշագրի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարար Միխեիլ Ջորջաձեն:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի խոսքով՝ Հայաստանը ողջունում է այս նախաձեռնությունը:
Նա նշել է, որ Հայաստանից ներկայացված քաղաքներն ունեն շատ հետաքրքիր պատմական հիմք, իսկ ծրագիրը կնպաստի ապագայում բնակչության ուշադրության բարձրացմանը, քանի որ մի բան է ամեն օր առնչվել մշակութային ժառանգությանը, այլ բան գիտակցել դրա դերը և արժեքը սեփական քաղաքի ապագա զարգացման մեջ:
«Արևելյան գործընկերություն» նախագիծը չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու հնարավորութուն, այլ ուղղված է Եվրամիության քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Վերջին երեքը ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, որն արդեն վավերացվել է ԵՄ անդամների մեծամասնության կողմից: Մինչդեռ միաժամանակ Հայաստանն ու Բելառուսը ԵՏՄ անդամ պետություններ են:
Ադրբեջանը խոստացել է վերանայել Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցության նպատակահարմարությունը՝Եվրախորհրդարանի կողմից սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձևի ընդունումից հետո: