21 սեպտեմբերի 2015 - 17:03 AMT
Բաբայան. ԵԽԽՎ-ական Ուոլթերը չի փոխի իր ադրբեջանամետ զեկույցը, այն պատվիրված է

Հավանականությունը զրոյական է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական և ժողովրդավարական հարցերի հանձնաժողովի անդամ Ռոբերտ Ուոլթերը կփոխի իր ներկայացնելիք զեկույցի վերնագիրը`«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում»: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

2014-ի հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հարցով զեկուցող էր նշանակել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով ԵԽԽՎ-ում հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով: Զեկույցը, որի համար փաստեր է հավաքում Ռոբերտ Ուոլթերը, վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»։ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հայտարարել է, թե բոյկոտում է զեկույցի պատրաստման գործընթացը։ Ղարաբաղի վերաբերյալ զեկույց պատրաստելու հարցը ԵԽԽՎ-ի քաղաքական կոմիտեն քննարկել է անցյալ տարի աշնանը՝ քվեարկությամբ զեկուցող նշանակելով բրիտանացի պատգամավոր Ուլթերին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ուոլթերը Ադրբեջանի տարածքով այցելելու է նաև Լեռնային Ղարաբաղ, բայց այդպես չեղավ: Անդրադառնալով դրան Բաբայանը ասել է, որ նման բան չէր կարող տեղի ունենալ, դա պարզապես բացառված է, գրում է Panorama.am-ը:

«Նախևառաջ մենք իրեն ասել էինք, տեղյակ էինք պահել պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը, որ պետք է փոխել և՛ վերնագիրը, և՛ զեկույցի բովանդակությունը: Դա չի կատարել, հետևաբար սահմանը հատելը շահարկելը պարզապես անտեղի է», - ընդգծել է մամուլի խոսնակը:

Նրա խոսքով՝ Ուոլթերը բացեիբաց ցույց է տվել «իր պատկերը»` զեկույցի պատրաստման շրջանակում այցելել է Ադրբեջան, պահպանելով զեկույցի վերնագիրը ու ստացել իր «չայեվոյները» նաև խավիարի տեսքով:

Բաբայանն ընդգծել է, որ զեկույցը «գնված, պատվիրված զեկույց է, գրվել է Ադրբեջանում Ալիևի և Մամեդյարովի կողմից, ուղղակի Ուոլթերն իր ստորագրությունն է դնելու»:

Խոսելով այն մասին, թե ինչպես պետք է դրան արձագանքի հայկական դիվանագիտությունը, Բաբայանը ասել է.

«Սա հանցագործության նման մի բան է, կաշառակերության վրա է հիմնված այս զեկույցը, ի՞նչ անի մեր դիվանագիտությունը, ինչ պետք է արել ենք, այդ մարդը զեկույցի պատրաստման շրջանակում չի եկել Հայաստան, Արցախ: Խնդիրն այն է, որ եվրոպական տարբեր կառույցներում ենք տեսնում նման վատ զարգացումներ, փաստորեն խավիարային դիվանագիտությունը բերում է խավիարային ժողովրդավարության կայացմանը Եվրոպայում, այսինքն` դասական ժողովրդավարության դեգրադացմանը: Որևէ մեկը չի իրականացնում հետաքննություն. դա է հիմնական խնդիրը և ոչ թե զեկույցը, որը սուբյեկտիվ է և ոչ մի նշանակություն չի ունենալու»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը փաստահավաք առաքելությամբ մարտի կեսերին Ադրբեջանում էր։ Մարտի 14-ին նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Նախկինում ևս Ղարաբաղի և «գրավյալ տարածքներ»-ի իրավիճակի մասին ԵԽԽՎ-ում զեկույցներ են պատրաստվել։ Տարբեր տարիներին զեկուցողներ են եղել Դևիդ Աթկինսոնը, Գորան Լենմարկերը, Թերի Դևիսը, բայց ոչ մի զեկույցի վերնագրում չկա «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» ձևակերպումը։

Հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն, որը քննարկեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի պատրաստման հարցը, խնդրով զեկուցող նշանակեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով ԵԽԽՎ-ում հայտնի է որպես Ալիևի պաշտպան: 2013-ին տեղի ունեցած ադրբեջանական նախագահական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն էր հենց Ուոլթերը։ ԵԽԽՎ «դիտորդները» խանի վերընտրությունը գնահատեցին «ազատ, անկախ և թափանցիկ», ի տարբերություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, որն այն որակել էր, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական։