21 սեպտեմբերի 2015 - 17:49 AMT
Լիտվայի Սեյմի խոսնակ. ԵՄ-ն պետք է շարունակի Արևելյան գործընկերության ծրագիրն անկախ փախստականների վիճակից

Եվրամիությունը պետք է շարունակի իրագործել «Արևելյան գործընկերության» ծրագիրը, անկախ Եվրոպայում փախստականների հետ կապված իրավիճակից: Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է Լիտվայի սեյմի խոսնակ Լորետա Գրաուժինենեն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գլխավոր լիազոր Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ու Լիտվայի սեյմի խոսնակը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, փախստականների հետ կապված վիճակը Եվրոպայում, ինչպես նաև աջակցությունն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային եվրաինտեգրման ճանապարհին: Ըստ Գրաուժինենեի, Լիտվայի սեյմը շարունակում է ջանքեր գործադրել կյանքի կոչելու համար Արևելյան գործընկերության ծրագիրը:

«Աշխարհաքաղաքական փոփոխությունների և տարածաշրջանում նոր մարտահրավերների պատճառով հարկ չկա հրաժարվել ծրագրի իրագործման հավակնություններից»,-ասել է Գրաուժինենեն:

Մոգերինին նշել է, որ հասկանում է Լիտվայի ձգտումներն ու գնահատում է նրա ավանդը ծրագրի իրականացման գործում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Սեպտեմբերի սկզբին Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը ԵՄ անդամ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպումից հետո հայտարարեց, որ Եվրամիությունը Հայաստանի ու Բելառուսի հետ գործակցության համաձայնագրերի նոր տարբերակ է պատրաստում: Հանդիպմանը քննարկվում էին Արևելյան գործընկերության երկրների ու Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Լյուքսեմբուրգն այժմ նախագահում է ԵՄ-ում: Ըստ աղբյուրի` նոր համաձայնագիրը Հայաստանն ավելի քիչ կկապի ԵՄ-ին, քան Ասոցացման համաձայնագիրը, որից ՀՀ-ն հրաժարվել էր 2 տարի առաջ:

«Մի համակարգ ենք փնտրում, որի դեպքում բոլոր կամուրջները չէ, որ կփլուզվեն: Հասկանում ենք, որ Ասոցացման համաձայնագիրն անհնարին է, բոլորը պատրաստ են ավելի հեշտ տարբերակ գտնել՝ նվազ ֆունդամենտալ: Այդ երկու երկրների առնչությամբ բոլորը համաձայն են », - մանրամասնել է լյուքսեմբուրգցի պաշտոնյան:

Նա, սակայն, տեղեկացրել է, որ նոր համաձայնագրով «մաքսային արտոնություններ չեն լինելու»: Նախագիծը, ըստ պաշտոնյայի, մշակման փուլում է: Ասելբորնը ասել է, որ այդ հարցով ԵՄ-ն առաջարկություն է արել Հայաստանին, ինչը դրական է ընդունվել: Բելառուսում` հակառակը:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու հնարավորութուն, այլ ուղղված է Եվրամիության քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Վերջին երեքը ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, որն արդեն վավերացվել է ԵՄ անդամների մեծամասնության կողմից: Մինչդեռ միաժամանակ Հայաստանն ու Բելառուսը ԵՏՄ անդամ պետություններ են: