Սիրիայի զինյալ խմբավորումները տասնյակ հրթիռներ են արձակում Հալեպի Ազիզիե, Նոր Գյուղ, Ժապրիե, Սուլեյման ալ Հալապի հայաշատ բնակավայրերի ուղղությամբ: Ռմբակոծությունների պատճառովվերջին օրերինզոհվել ու վիրավորվել են բազմաթիվ մարդիկ։ Վիրավորների թվում նաև հայեր կան։
Սեպտեմբերի 21-ին Նոր Գյուղի և Ժապրիեի շրջաններն են հրթիռակոծվել: Հայկական ծերանոցին կից գտնվող շենքի տանիքն է վնասվել, այլ փողոցներում ևս պայթյուններ են գրանցվել։
Սեպտեմբերի 20-ին Հալեպի Ազիզիե շրջանում ՀՄԸՄ պարտեզում պայթած ռումբի պատճառով փլվել է շենք, հրկիզվել են մի քանի ավտոմեքենաներ, գրանցվել են նյութական մեծ վնասներ, Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջին հղումով գրում է Tert.am-ը:
Հայաբնակ թաղամասերի ուղղությամբ արձակված հրթիռների պայթյունների հետևանքով, ընդհանուր առմամբ, վիրավորվել է ավելի քան 5 հայ։
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը հաղորդում է, որ Նոր Գյուղ հայաշատ թաղամասի հրթիռակոծության հետևանքով քանդվել են շենքեր։ Ընդհանուր առմամբ զոհվել է 9 մարդ։
Սիրիական բանակն իր հերթին ռազմական գործողություններ է իրականացրել զինյալ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում՝ կասեցնելով նրանց փորձը՝ անցնելու դեպի կառավարամետ շրջաններ։
Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը օգոստոսի 11-ին նոր հարձակում է իրականացրել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող սիրիացի ապստամբների վրա՝ տարածքներ գրավելով թուրք-սիրիական սահմանի մոտակայքում՝ այնտեղ, որտեղ Թուրքիան և Միացյալ Նահանգները նպատակ են դրել ջիհադական խմբից ազատ գոտի ստեղծել: Հուլիսի 27-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Նայյալ թաղամասի մուտքի մոտ հրթիռ են արձակել, ինչի արդյունքում զոհ ու վիրավորներ կան։ Հրթիռակոծվել է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասը՝ նյութական վնասներ առաջացնելով: Ապրիլին քաղաքի Սրբոց Քառասնից Մանկանց 15-րդ դարի եկեղեցին ավերակի էր վերածվել ռմբակոծության հետևանքով: Հուլիսին Հալեպում ձերբակալված ահաբեկիչները խոստովանել են, որ իրենք նախքան սիրիական քաղաք մեկնելը Թուրքիայում գտնվող ռազմական ճամբարներում ռազմական պատրաստություն են անցել:
Պատերազմից առաջ Հալեպի հայ համայնքի թիվը, ենթադրաբար, 40-50.000 էր: Դպրոցներում 8.000 աշակերտ կար, և Հալեպը սփյուռքի միակ համայնքն էր, որտեղ հայ երեխաները միայն հայկական դպրոցներ էին հաճախում։ Այժմ ուսանողների թիվը 2.500-3.000-ի է հասել, դա էլ վկայում է այն մասին, որ Հալեպի հայերի 1/3-ն է մնացել Հալեպում։
2011-ի մարտին Սիրիայում հակամարտություն է սկսվել: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։