22 սեպտեմբերի 2015 - 14:11 AMT
Թուրքական Asimder-ը հայատառ գրության դեմ արշավը սկսել է գրասենյակի շենքին Ադրբեջանի դրոշ փակցնելով

Թուրքական այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունը՝ Asimder-ը, պահանջում է հեռացնել Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը:

Օրերս Թուզլուջա քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ են ամրացվել: Asimder-ը պահանջել է հեռացնել ցուցանակների հայատառ գրությունը՝ պնդելով, թե իբր 1915-20-ը Թուզլուջայում հայերի կողմից մահմեդականներ են սպանվել: Ուստի հայատառ գրությունը նպատակահարմար չէ:

Asimder-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը, իբրև բողոքի նշան, Իգդիրում գտնվող կազմակերպության կենտրոնական գրասենյակի շենքին վեց մետրանոց Ադրբեջանի դրոշ է փակցրել: Նա նշել է, որ իրենք պաշտոնական գրություն են ուղարկել կառավարություն, ներքին գործերի նախարարություն և Իգդիրի նահանգապետարան` պահանջելով վերանայել հարցը, թուրքական Avrupabulenti.com հղումով գրում է Eremenihaber.am-ը:

Գյուլբեյը մեղադրել է նաև քառալեզու ցուցատախտակի (այդ թվում` հայերեն) նախաձեռնության հեղինակ Թուզլուջայի ազգությամբ քուրդ համաքաղաքապետին քուրդ բնակչությունից ստացած քվեներով ձեռք բերած իշխանությունը ի շահ հայերի ծառայեցնելու մեջ:

Թուրքական Sozcu.com կայքում հրապարակվել է թուրք-ադրբեջանական բարեկամական միությունների ֆեդերացիայի նախագահ Սերդար Ունսալի հայտարարությունը, ով նույնպես դեմ է հանդես եկել վերոհիշյալ հայատառ պաստառի տեղադրմանը:

Ըստ թուրքական Beyazgazete.com-ի` Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել է ցուցատախտակի վրա տեղ գտած հայերեն գրությանը: Վերջինս, նշելով, որ Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, ավելացրել է, որ այստեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով:

Asimder կազմակերպությունն օգոստոսի Աղթամար եկեղեցում կայանալիք պատարագի խափանմանն ուղղված քայլեր է ձեռնարկել: Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, հայտարարություն անելով, Թուրքիայի իշխանություններին կոչ է արել թույլ չտալ հայերին Սբ Խաչ եկեղեցում անցկացնել ամենամյա պատարագը:

Նա աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական ու ադրբեջանական կազմակերպություններին կոչ է արել միանալ իրենց և խոչընդոտել պատարագը: Ավելի վաղ նա նաև հայտարարել է, որ այդ հարցում գործակցելու են տեղի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանք են տանելու Վանի բնակչության հետ:

Սբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 6-ին` կիրակի օրը, կայանալիք պատարագը օգոստոսի 24-ին չեղյալ է հայտարարվել: