Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը չի հավատում, որ տարին կփակվի 4.1% տնտեսական աճով, ինչպես ամրագրված է 2015-ի պետբյուջեում:
«Ես սպասում եմ ավելի ցածր աճ, բայց դա իմ անձնական սպասումներն են, պաշտոնական գնահատականներ հնարավոր կլինի տալ մի քիչ ավելի ուշ, երբ մանրամասն տվյալներ ունենանք», -ասել է Գաբրիելյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) սեպտեմբերի 22-ին հրապարակած իր «Ասիայի զարգացման 2015-ի թարմացված տեսությունում» ՀՀ-ի 2015-ի արդյունքներով 1.6% տնտեսական աճի իր նախկին կանխատեսումը վատացրել է մինչև 1.2%՝ Հայաստանի գործընկեր երկրներում շարունակվող տնտեսական խնդիրների պատճառով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսին վերահաստատել է իշխանությունների մտադրությունը՝ ապահովել 4.1% տնտեսական աճի ցուցանիշը: Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ-ն բոլոր ոլորտներում ունի աճ, միակ անկումը ապրանքաշրջանառության մեջ է, որը կապված է ՌԴ-ի տնտեսության անկման հետ:
Սակայն տնտեսական աճի հետ կապված կառավարությունում միակարծություն չկա. սեպտեմբերին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում ծավալների անկում կա:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի տնտեսական աճի հեռանկարը և 2015-ի համար կանխատեսում է 0% աճ՝ ապրիլին 1% կանխատեսված անկման փոխարեն, իսկ 2016-ի համար կանխատեսում է 1% աճ՝ նախորդ 0%-ի փոխարեն: Կանխատեսման բարելավումը ԱՄՀ-ն պայմանավորում է նրանով, որ առաջին կիսամյակում Ռուսաստանում, որից Հայաստանի տնտեսությունը մեծ կախում ունի, տնտեսական աճի ցուցանիշներն սպասվածից քիչ վատթար են եղել:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակված կանխատեսումների համաձայն՝ Հայաստանը 2015-ը կփակի ընդամենը 0.9% տնտեսական աճով, իսկ ԵՏՄ-ն ՝ 2.4% անկումով:
2015-ի հունվարի հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.2%-ով գերազանցել է 2014-ի ցուցանիշը նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ ցուցանիշը օգոստոսի 20-ին հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
2015-ի հուլիսին հունիսի համեմատ նույն ցուցանիշը աճել է 9.2%-ով, իսկ 2014-ի նույն ամսվա՝ հուլիսի համեմատ՝4%-ով:
2014-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.9%:
Ըստ պետբյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015-ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով։