23 սեպտեմբերի 2015 - 10:14 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն անհամբեր սպասում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անհամբեր սպասում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳՎ նստաշրջանում՝ երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման նպատակով: Այդ մասին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ըստ նրա, ընթացիկ տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվել է առաջընթացի հասնել բանակցություններում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման որոշ տարրերի շուրջ և նվազեցնել լարվածությունը ադրբեջանական և հայկական զինված ուժերի շփման գծում: «Հուսով ենք, որ նախագահները կհամաձայնվեն հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահները կքննարկեն այդ ծրագրերը երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ ՄԱԿ ԳՎ նստաշրջանի շրջանակում: Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումը», -ասել է դիվանագետը:

Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Սեպտեմբերի 2-ին կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել: Նույն օրըհակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:

Անդրադառնալով ՌԴ և ԱՄՆ միջև հարաբերությունների սրացման ազդեցությանը ղարաբաղյան կարգավորման վրա՝ համանախագահը նշել է, որ երկու երկրները կիսում են ղարաբաղյան կարգավորման ընդհանուր նպատակները՝ խաղաղ հանգուցալուծում բանակցությունների միջոցով:

«Անկախ տարաձայնություններից, որոնք առկա են ԱՄՆ և Ռուսաստանի համագործակցության այլ ոլորտներում, մենք սերտորեն համագործակցում ենք ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում առաջընթաց ապահովելու համար մեր աշխատանքում՝ նպատակ ունենալով հասնել երկարաժամկետ կարգավորման, որը կվերափոխեր Հարավային Կովկասը»,-ասել է նա, հայտնում է Թրենդը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ կհանդիպի իր հայ պաշտոնակցին Նյու Յորքում՝ սեպտեմբերի 24-25-ը կայանալիք ՄԱԿ ԳՎ շրջանակում:

Երևանն, իր հերթին, չի հերքել և չի հաստատել Բաքվի հաղորդագրությունն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման վերաբերյալ: