26 հոկտեմբերի 2006 - 18:53 AMT
Հայաստանը շահագրգռված է Ճապոնիայի հետ համագործակցության ընդլայնմամբ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Յասուո Սաիտոն (նստավայրը` Մոսկվա), հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռ. Քոչարյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Ճապոնիայի հետ համագործակցության ընդլայնմամբ: Նա բարձր է գնահատել Ճապոնիայի կառավարության աջակցությունը մեր երկրի տնտեսության զարգացմանը: Նա առանձնակի կարեւորել է էներգետիկայի ոլորտի ծրագրերը, մասնավորապես շեշտելով Երեւանի ՋԷԿ-ի վերազինման նպատակով արտոնյալ վարկ հատկացնելու համաձայնագիրը: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Ճապոնիան լավ օրինակ է, թե ինչ հաջողությունների կարելի է հասնել արդյունավետ կառավարման եւ աշխատասիրության շնորհիվ: Նա մեր երկրի համար օգտակար եւ ուսանելի է գնահատել նաեւ ճապոնական փորձը, թե ինչպես կարելի է երկիրը մոդռնիզացիայի ենթարկել`պահպանելով ազգային առանձնահատկությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ միջազգային իրադարձություններին` մասնավորապես Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձարկման համատեքստում: