«Հայ Ֆեստ» միջազգային թատերական 13-րդ փառատոնը, որը 2015-ին կրում է «Զգացողությունների թանգարան» խորագիրը, կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը:
Երևանյան 12 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 70 ներկայացում:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող փառատոնը կյուրընկալի 26 երկրից ժամանած 250 մասնակցի և հյուրի, այդ թվում՝ հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Շվեցարիայից, Կանադայից, Լեհաստանից, Լեբանանից, Իսրայելից, Լիտվայից, Հունգարիայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Էստոնիայից, Սերբիայից, Ղազախստանից, Բանգլադեշից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային (ֆոլկ, ֆլամենկո, մոդեռն բալետ), մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, իրերի, տիկնիկային, մարիոնետների, մատների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակում» (Լիտվա), Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ» (Մեծ Բրիտանիա), «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծ» (ԱՄՆ) ներկայացումները: Երևանյան թատրոններից «Հայ Ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր», «Միհր» թատրոնները և այլոք:
Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:
Փառատոնը կբացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ բեմադրված «Զգացողությունների թանգարան» ներկայացումով:
Փառատոնի հիմնական ներկայացումների մուտքը կլինի անվճար, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին:
«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006-ից «Հայ Ֆեստ»-ի գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):