24 սեպտեմբերի 2015 - 19:37 AMT
Սահմանամերձ գյուղերի գնդակոծման հետևանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ, ևս 2-ը վիրավոր են (թարմացված)

Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղը գնդակոծության է ենթարկվել ադրբեջանական զինուժի կողմից, ինչի արդյունքում 3 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 2 վիրավոր կա։

Ինչպես PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում հայտնեց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը, գնդակոծման արդյունքում զոհվել է գյուղի բնակիչներից մեկը: Այլ տեղեկություններ գյուղապետը չի հայտնել: Ռազմ.ինֆօ-ն՝ հղում անելով ոստիկանության մամլո խոսնակ Աշոտ Ահարոնյանին, հայտնում է, որ զոհվածն 83-ամյա Պայծառ Աղաջանյանն է:

Գնդակոծվել են նաև սահմանամերձ այլ գյուղեր․ Tert.am-ը՝ հղում անելով ոստիկանությանը, հայտնում է, որ Բերդավանում հակառակորդի արձակած գնդակից մահացել է Ռևազյան Սոնան (ծնված ՝1974 թ.) և Ասատրյան Շուշանը (ծնված՝ 1921թ.): Եվս 2 տղամարդ վիրավորվել է:

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:

Սեպտեմբերի 1-ին գնդակոծության էին ենթարկվել Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերը, ինչպես նաև, Ոսկեվանի դպրոցի հարևանությամբ անցնող միջպետական ճանապարհի հատվածը: Դրանից հետո Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին:

Պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտնում է որ սեպտեմբերի 22-ին ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագծի հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվետբերգը: Մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ պաշտոնյաներին Այգեպարի գյուղապետարանում ներկայացվել է Տավուշի սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: