Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությամբ և նրանց ներկայությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Անդրադառնալով սեպտեմբերի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը՝ Նալբանդյանը ասել է.
«Ադրբեջանն է, որ շարունակաբար մերժում է իրավիճակի կայունացման, վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները ու, հետևաբար, պարզ է՝ ում է ուղղված հայտարարության մեջ առկա ուղերձը: Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն միտումնավոր չի ուզում լսել, թե ինչ է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը: Բոլորին ամեն ինչում մեղադրում են, ձևացնում են, թե կարգավորում են ուզում, բայց իրականում՝ հակառակն են անում»:
Արտգործնախարարը կարևորել է, որ համանախագահները վերահաստատում են այն առաջարկությունը, ինչի վերաբերյալ բազմիցս իրենց համաձայնությունն են տվել Հայաստանը և Արցախը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Այն թույլ կտա առավել հստակ կերպով մատնանշել հրադադարի խախտման և միջադեպերի պատասխանատու կողմին։
ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կարպշիկը սեպտեմբերի 25-ին հայտարարություն են տարածել, որում իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ականանետների և ծանր զրահատեխնիկայի օգտագործման առնչությամբ:
«Մենք ակնկալում ենք նախարարներից լուրջ քննարկումներ բռնության ավելացման, ինչպես նաև խնդրի բանակցային կարգավորման շուրջ խնդիրների վերաբերյալ: Մենք անկարող ենք հստակորեն հասկանալ, թե որտեղից է ծագել բռնությունը, քանի որ ամեն կողմը մեղադրում է մյուսին», - նշել են համանախագահները՝ ընդգծելով, որ կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի շուրջ, ինչպես քննարկել էին նախագահները:
«Ադրբեջանը հրաժարվում է առաջարկություններից, քանի որ ցանկանում է ձեռքերն ազատ պահել, միջազգային հանրության վերահսկողությունից դուրս գտնվելով՝ շարունակել իր սադրանքները շփման գծում և սահմանին», - ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ Բաքուն մերժում է ոչ միայն վստահության ամրապնդմանն ուղղված եռանախագահների նախաձեռնությունները, այլև հրաժարվում է միջնորդների կողմից արված հիմնախնդրի կարգավորմանն ուղղված առաջարկություններից, որոնք հրապարակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում. նույնիսկ մերժում է դրանց մասին որևէ հիշատակում, ինչը կրկին անգամ հստակ երևաց ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին:
Համանախագահները, խորը մտահոգություն հայտնելով իրադրության կտրուկ լարման կապակցությամբ, շեշտեցին, որ իրավիճակի հետագա սրումն անթույլատրելի է։
Զրուցակիցները քննարկեցին եռանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցելության և նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը։
Սեպտեմբերի 25-ին ՀՀ արտգործնախարարն երկրորդ հանդիպումն ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նալբանդյանն, անընդունելի համարելով և դատապարտելով վերջին օրերին մարդկային զոհերի պատճառ դարձած Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափի հրետանու օգտագործմամբ հրադադարի կոպտագույն խախտումները, ասաց. «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից և այդ առթիվ միջազգային հանրության՝ օր օրի ուժգնացող քննադատությունից ուշադրությունը շեղելու նպատակով Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին իրադրության սրումը լի է անկանխատեսելի բացասական հետևանքներով։ Այս սադրանքներով Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ինչպես մարդկային կյանքի, այնպես էլ՝ իր կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ»։
Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Սեպտեմբերի 24-ին հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր:
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը: ՊԲ մամուլի ծառայության փոխանցմամբ, բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: