26 սեպտեմբերի 2015 - 13:00 AMT
ՀՀ ԱԳ նախարարը Նյու Յորքում գործընկերների հետ քննարկել է նաև ղարաբաղյան հիմնախնդիրը

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի ելույթին։

Նույն օրը Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է «Ետ-2015 ՄԱԿ-ի զարգացման օրակարգի» գագաթաժողովի բացմանը, որին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի մունը, Գերմանիայի կանցլերը, Իսպանիայի թագավորը, Եգիպտոսի, Վիետնամի նախագահները, բազմաթիվ այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Գագաթաժողովին ընդունվել է «Զարգացման նոր օրակարգ 2030» փաստաթուղթը, որն ուրվագծում է առաջիկա 15 տարիների համար աշխարհի զարգացման ուղենիշները։

Նյու Յորքում Նալբանդյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բորգե Բրենդեի հետ։

Արտգործնախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Նորվեգիայի ԱԳ նախարարի խնդրանքով ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։

Հայաստանի արտգործնախարարի հաջորդ հանդիպումը Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դանիել Միտովի հետ էր։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։

Այս համատեքստում երկուստեք կարևորվել է բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության սերտացումը։

Հայատանի և Բուլղարիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Երկխոսությունը շարունակելու նպատակով Դանիել Միտովը Նալբանդյանին հրավիրել է պաշտոնական այցելություն կատարել Բուլղարիա։

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությամբ և նրանց ներկայությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Անդրադառնալով սեպտեմբերի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը՝ Նալբանդյանը ասել է.

«Ադրբեջանն է, որ շարունակաբար մերժում է իրավիճակի կայունացման, վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները ու, հետևաբար, պարզ է՝ ում է ուղղված հայտարարության մեջ առկա ուղերձը: Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն միտումնավոր չի ուզում լսել, թե ինչ է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը: Բոլորին ամեն ինչում մեղադրում են, ձևացնում են, թե կարգավորում են ուզում, բայց իրականում՝ հակառակն են անում»:

Սեպտեմբերի 25-ին ՀՀ արտգործնախարարն երկրորդ հանդիպումն ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նալբանդյանն, անընդունելի համարելով և դատապարտելով վերջին օրերին մարդկային զոհերի պատճառ դարձած Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափի հրետանու օգտագործմամբ հրադադարի կոպտագույն խախտումները, ասաց. «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից և այդ առթիվ միջազգային հանրության՝ օր օրի ուժգնացող քննադատությունից ուշադրությունը շեղելու նպատակով Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին իրադրության սրումը լի է անկանխատեսելի բացասական հետևանքներով։ Այս սադրանքներով Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ինչպես մարդկային կյանքի, այնպես էլ՝ իր կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ»։

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին:

Սեպտեմբերի 24-ին հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր:

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը: ՊԲ մամուլի ծառայության փոխանցմամբ, բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: