26 սեպտեմբերի 2015 - 13:55 AMT
Ազնավուրի փարիզյան «տրիումֆը». Նախատեսվում են համերգներ Երևանում և Լոնդոնում

Ֆրանսիայի մայրաքաղաքում անշլագով են անցել Շառլ Ազնավուրի 5 համերգային երեկոները: Փարիզի համար Ֆրանսիայի ամենահայտնի շանսոնյեն նախապատվությունը տվել էր իր «ոսկե ընտրանուն»` մի ամբողջ դարաշրջանի լավագույն երգերին, գրում է ՏԱՍՍ-ը:

Սեպտեմբերի 27-ին եգիչը նվեր կմատուցի Փարիզի բնակիչներին` ցերեկային համերգ տալով «Պալե դը սպորում»: Առաջիկա ամիսներին նա ծրագրում է համերգներով հանդես գալ Երևանում, Լոնդոնում, իսկ հաջորդ տարի «նախանշված է նոր հանդիպում ռուս հանդիսատեսի հետ»:

5 երեկոների մարաթոնն ավարտվեց սեպտեմբերի 25-ին` հավաքելով Ֆրանսիայի «թիվ մեկ արտիստի» հազարավոր հավատարիմ երկրպագուներին: Այդ երեկո թվում էր, թե օվացիաները երբեք չեն մարի Փարիզի «Պալե դե սպոր» պալատում:

Հանդիսատեսի հրճվանքը կիսեցին նաև Ֆրանսիայի ամենախիստ երաժշտական քննադատները, որոնք «իսկական տրիումֆ> անվանեցին Ազնավուրի այս փառատոնը: Համաշխարհային աստղերից շատերն են անդրադարձել շանսոնյեի ստեղծագործություններին, սակայն փարիզյան այս համերգները ցույց տվեցին, որ ոչ ոք չի կարող այնպես կատարել նրա երգերը, ինչպես ինքը հեղինակը:

Մաեստրոն անակնկալներ էր պատրաստել փարիզյան համերգների համար: Նրա «Իմ կնոջը» բալլադը իսկական բացահայտում էր հանդիսատեսի համար, քանի որ մինչ այդ հազվադեպ էր կատարվել համերգներում: Գերեցին հանդիսատեսին նաև մաեստրոյի «Ինչես ասում են» և «Մեռնել սիրուց» գլուխգործոցները:

Ժամանակին չենթարկվող երգիչը («91 գարուն»,-ինչպես նշեց ինքը Ազնավուրը) 2-ժամանոց համերգն անցկացրեց առանց ընդմիջման և առանց մի կում ջուր խմելու: «Շառլ Ազնավուրն անընդհատ աշխատանքի մեջ է: Մաեստրոն դադարներ չի սիրում»,-նկատեց արտիստի մամուլի քարտուղար Քրիստինե Սարգսյանը:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը: