28 սեպտեմբերի 2015 - 15:58 AMT
Հնդկաստանի հայոց հոգևոր հովիվը հերքում է՝ Կալկաթայի եկեղեցու գերեզմանաքարերը չեն ոչնչացվել

Սեպտեմբերի 28-ին հնդկական Times of India պարբերականում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Հնդկաստանի Կալկաթայի հայկական Սբ Նազարեթ եկեղեցին, ոչնչացնելով իր տարածքում գտնվող մի շարք գերեզմանաքարեր, դրանց տեղում կառուցել է ավտոկայանատեղի: Հնդկաստանի հնագիտական ուսումնասիրությունների կենտրոնն եկեղեցուն վերագրվող գործողությունը անվանել է անօրինական, իսկ վնասը՝ անվերականգնելի: PanARMENIAN.Net-ը տեղեկության շուրջ պարզաբանում խնդրեց Հնդկաստանի հայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի hայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանից:

«Այդպիսի բան չի եղել: Դեռևս 2007-2008-ին Կալկաթայի հայկական Սբ Նազարեթ եկեղեցին վերանորոգվել է, այդ ժամանակ վերանորոգվել են նաև գերեզմանաքարերը. դրանք մշակվել են, մաքրվել: Վերանորոգումից ի վեր ո՛չ եկեղեցում, ո՛չ էլ գերեզմանատանը շինարարություն չի եղել», - ասած Տ. Զավեն աբեղա Յազիչյանը՝ հավելելով, որ երկու օրից Հայաստանից կվերադառնա Հնդկաստան և այնտեղ կներկայացնի պարզաբանում՝ եկեղեցու տեղեկատվական համակարգի միջոցով:

Նրա խոսքով՝ եկեղեցու գերեզմանատունը խնամվում է, ամեն օր մաքրվում: Եկեղեցին ունի կայանատեղի, որը նույնպես վերենորոգվել է դեռևս 2007-2008-ին, սակայն այդ ժամանակ ոչ մի գերեզմանաքար նույնիսկ տեղից չի տեղեշարժվել, առավել ևս՝ չի ոչնչացվել:

«Տարածված հոդվածում տեղադրել են վերանորոգված գերեզմանոցի լուսանկար և ինչ-որ փարքինգ, որը մեր հետ կապ չունի, դա ապատեղեկատվություն է, սուտ», - շեշտեց Հնդկաստանի հայոց հոգևոր հովիվը:

Տ. Զավեն աբեղա Յազիչյանը նաև ընդգծեց, որ եկեղեցու կայանատեղին գտնվում է տարածքի հյուսիսային կողմում, իսկ գերեզմանոցը՝ արևմտյան կողմում, մեքենաներն այլ տեղից են մտնում տարածք՝ շրջանցելով գերեզմանաքարերը:

Կալկաթայի Սբ Նազարեթ եկեղեցին, որը գտնվում է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, գոյություն ունի 2.5 դարից ավելի։ Նրա դռան վրա գրված է «Հայկական եկեղեցի» և 1707 թիվ` կառուցման տարեթիվը։ Եկեղեցին կառուցել է Աղա Նազարեթը։ Ժամանակի ընթացքում հնդկահայերը այս եկեղեցու անունով մեծ կտակներ են թողել։