29 սեպտեմբերի 2015 - 10:22 AMT
ՀՀ նախագահը՝ ՄԱԿ-ում. Չնայած միջազգային հանրության ջանքերին, խաղաղապահությունը փխրուն է և խոցելի

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ նաև ելույթ է ունեցել:

Իր խոսքում ՀՀ նախագահը նշել է, որ չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը և դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն և խոցելի:

«Չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, 2004-ից հայ խաղաղապահները սկսել են ծառայություն իրականացրել Կոսովոյում, իսկ հետագայում՝ նաև Իրաքում, 2010-ից մասնակցում են Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին: 2015-ից սկսած այդ երկրում հայերը մասնակցում են «Վճռական աջակցություն» առաքելությանը և, ինչպես բազմիցս հայտարարվել է, միջազգային գործընկերների հետ մնալու են այնքան, որքան անհրաժեշտ է:

«Անցյալ տարի ընդլայնեցինք խաղաղապահ առաքելությունում մեր ներգրավվածությունը: Այժմ արդեն ներկա ենք Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելությունում: Այս տարվա հուլիսին մեկնարկեց Հայաստանի մասնակցությունը Մալիում գործող ՄԻՆՈւՍՄԱ խաղաղապահ առաքելությանը: Իսկ բոլորովին վերջերս ՄԱԿ֊-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության և համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

2014-ի նոյեմբերի 26-ին Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը:Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնում է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:Այն մասին, որ հայ խաղաղապահներ կտեղակայվեն նաև Լիբանանում, ասել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին իտալական Corriere della Serra թերթին տված հարցազրույցում: Նախագահն այն ժամանակ նշել է, որ ՀՀ կառավարությունը մշտապես սատարել է տարածաշրջանային կայունացմանն ուղղված խոշոր կոալիցիաների ջանքերին:

Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցների և մյուս անդամ պետությունների դերակատարությունը:

Եզրափակելով, նա նշել է, որ միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: Ըստ նախագահ Սարգսյանի, այսօր դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար, և ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ և ապահով աշխարհ:

Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում: Աֆղանստանից և Լիբանանից բացի հայ խաղաղապահներն առաքելություն են կատարում նաև Կոսովոյում:Նախկինում հայ խաղաղապահներն առաքելություն են կատարել նաև Իրաքում: