30 սեպտեմբերի 2015 - 13:44 AMT
Խորհրդատվական ընկերություն. Էլէներգիայի սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը հիմնավորված է

«Դելոյթ և Տուշ» խորհրդատվական ընկերությունն ավարտել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդատվական ծառայության 1-ին փուլի հաշվետվությունը։

«Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատասխանությամբ», - ասված է ընկերության եզրակացությունում, գրում է«Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ դրա՝ ՀԷՑ-ում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ամբողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, խորհրդատվական ընկերության տեսանկյունից համարվում է հիմնավորված:

ՀՀ Կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով:

ՀԾԿՀ-ն ակնկալում էր, որ խորհրդատուն կկարողանա աշխատանքը սկսել մինչև օգոստոսի 10-ը: Դրա առաջին փուլի ակնկալվող տևողությունը մոտ 6-7 շաբաթ էր, 2-րդ փուլի ակնկալվող տևողությունը մոտ 7-8 շաբաթ է, 3-րդ՝ 6-8 շաբաթ: Այսինքն՝ աուդիտը կտևի գրեթե մինչև տարեվերջ:

Աուդիտի աշխատանքի շրջանակն է. էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչև սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում: Ստեղծված իրավիճակի և Հանձնաժողովի որոշումների ամփոփում՝ հիմնված առկա տեղեկությունների և ինստիտուցիոնալ գործելակերպերի վրա: Ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետևանքների գնահատում: