30 սեպտեմբերի 2015 - 18:16 AMT
ՊԲ հրամանատար. Ադրբեջանը 20-ից ավելի զոհ ունի, 60-80 վիրավոր

ԼՂՀ ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը շփման գծում և պատժիչ գործողություններ է իրականացնում։ Այս մասին սեպտեմբերի 30-ին Արցախի խորհրդարանում ասել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, գրում է Ռազմինֆոն:

«Վերջերս որոշակի լարվածություն կա, և մենք աշխատում ենք այդ լարվածությունը չեզոքացնել համապատասխան, համարժեք գործողություններով, որի արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ ունի։ Վերջին մի քանի օրվա ընթացքում համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները մոտավորապես 4–5 անգամ ավելի են և սրանք միայն խոսքեր չեն։ Բացի սկզբում հայտարարված 1 զոհ և 3 վիրավորը, այնուհետև իրենց ՊՆ-ի հայտարարած 3 զոհը և հետո մեր հրապարակած 6 կորուստը, Ադրբեջանն այսօրվա դրությամբ ունի ևս 11–12 կորուստ։ Ունենք նաև լրացուցիչ հետախուզական տվյալներ, որ այդ թվերը դեռևս ամբողջական չեն։ Հայտարարվածից ոչ պակաս կորուստ ունեն, աշխատում ենք և շուտով լրիվ ազգանուններով կհրապարակենք»,- ասել է Լյովա Մնացականյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ վիրավորներին՝ ՊԲ հրամանատարը հայտարարել է նաև, որ վերջին գործողություններից հետո այսօր Ադրբեջանի զինհոսպիտալներում 60-80 վիրավոր զինծառայող կա, որոնց մասին տեղեկություններն ադրբեջանական կողմը թաքցնում է։

Պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը հավաստիացրել է՝ պատժիչ գործողությունները շարունակվում են:

«Շարունակվում են մեր կողմից համապատասխան գործողությունները, հակառակորդի իրականացրած ոչ մի գործողություն անպատասխան չի մնալու, դա ապացուցեցինք վերջին օրերին, հետագայում ևս կաշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի իրենք էլ գիտակցեն, որ եթե մեզ վրա կրակում են հեռահար միջոցներով, ապա մենք ոչ մի բանի առջև կանգ չենք առնելու և, հետևաբար, ևս կրակելու ենք հեռահար միջոցներով։ Իրենք կիրառել են Դ-30 համակարգ մինչև 11 կմ խորության վրա, անհրաժեշտության դեպքում մենք նույնպես կկիրառենք Դ-30, պետք լինի նաև 152 մմ տրամաչափի զինատեսակներ էլ կկիրառենք»,- ասել է Մնացականյանը՝ հավելելով, որ դա չեն թաքցնում։

Սեպտեմբերի 29-ին ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալներից հայտնի էր դարձել, որ բացի նախօրեին հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է ևս 6 կորուստ` Շահիյար Ալի օղլու Ույադով (զորակոչվել է 13.01.2015), Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով (զորակոչվել է 28.04.2015), Նիջաթ Մեհման օղլու Յարաև (զորակոչվել է 08.12.2014), Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով (զորակոչվել է 08.12.2014), Էլվին Մուշրու օղլու Յուսուֆով (զորակոչվել է 15.12.2014) և Սամիր Սաբիր օղլու Ահմեդով (զորակոչվել է 18.07.2014):