2 հոկտեմբերի 2015 - 13:35 AMT
ՊՆ. Հակառակորդը Նախիջևանում փորձել է խախտել պետսահմանը, բայց փոխհրաձգությունից հետո նահանջել է

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումնրից մեկի կողմից ձեռնարկվել է պետսահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են:

Վերջին անգամ ադրբեջանական կողմը նախիջևանյան ուղղությամբ հրադադարը խախտել էր հունիսի 26-ին՝ հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել էին: Փոխհրաձգության ընթացքում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Եփրեմյանը, ում ՀՀ նախագահն ավելի ուշհետմահու պարգևատրել էր Արիության մեդալով:

Վերջին շրջանում իրադրությունը թե հայ-ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպմանը նշել է՝ Ադրբեջանի կողմից իրադրության հետևողական սրման, մեծ տրամաչափի զինատեսակների, մասնավորապես հրետանու կիրառման, խաղաղ բնակավայրերի հրետակոծման պայմաններում ՀՀ զինված ուժերին և ԼՂՀ պաշտպանական բանակին այլ բան չի մնում, քան դիմելու ռազմական և ռազմաքաղաքական այնպիսի գործողությունների, որոնք հակառակորդին կստիպեն հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից, կթոթափեն անպատժելիության և սեփական գերազանցության պատրանքը և նրան կվերադարձնեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ: