2 հոկտեմբերի 2015 - 15:40 AMT
Նալբանդյանը՝ ԵԱՀԿ միջոցառմանը. Խաղաղապահությունը ԼՂ կարգավորման հիմնարար տարրերից է

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին ելույթ է ունեցել «ԵԱՀԿ խաղաղությանն ուղղված գործողություններին» նվիրված նախարարական միջոցառմանը՝ անդրադառնալով նաև ԼՂՀ հիմնահարցին:

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական դերը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում, միևնույն ժամանակ` վկայակոչել մեր ընդհանուր համոզմունքը, որ ԵԱՀԿ-ն իր տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման առաջնային դերակատարություն ունեցող կազմակերպություն է: Այս առումով ցանկանում եմ վկայակոչել Աստանայի գագաթաժողովում ընդունված կոչը` առավել ջանքեր ներդնելու ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ», - ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հիմնահարցի պարագայում համաձայնեցված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Հետևաբար, բոլոր միջազգային, ներառյալ` ԵԱՀԿ ջանքերը` ուղղված հակամարտության կարգավորմանը, պետք է իրականացվեն նշված ձևաչափի շրջանակում և դրա մոտեցմանը համահունչ: Նալբանդյանը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահներին աջակցում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ղեկավարած թիմը, որը միակ մշտական ներկայությունն է հակամարտության գոտում և դիտարկում է հրադադարի ռեժիմի պահպանումը:

«Կասկածից վեր է, որ այս ներկայությունն ամրացնելը նշանակում է զորացնել Կազմակերպության կարողությունները` նպաստելու խաղաղությանը և ամրապնդելու հրադադարը շփման գծում և սահմաններին: Կազմակերպության առավել ներգրավվածությունը կարող է նպաստել երկար ժամանակ քննարկման սեղանին գտնվող միջազգային հանրության կողմից առաջարկված և նրա լիարժեք աջակցությունը վայելող հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որը կհանդիսանա վստահության և անվտանգության ձևավորման կարևոր միջոց», - ընդգծել է արտգործնախարարը՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 28-ի իրենց հայտարարության մեջ ևս մեկ անգամ վերահաստատեցին այս կապակցությամբ իրենց առաջարկը:

Ըստ Նալբանդյանի՝ քաղաքական լուծումները պետք է որոշեն և ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափը և հնարավոր տեղակայումը: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում` համանախագահ երկրների նախագահների մակարդակով, հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են: Դրա նպատակը՝ հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է և խաղաղության պահպանումը: ԱԳ նախարարի խոսքով՝ ոչ մի այլ մանդատ կամ բաղադրիչ, ներառյալ` ոստիկանական գործունեություն, այս դեպքում նախատեսված չէ:

«Խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցումը կարելի է գնահատել ներկա և նախկին առաքելություններում մեր ներգրավվածության աշխարհագրությամբ՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի: Ես կցանկանայի նաև նշել, որ 4 օրից Երևանը կհյուրընկալի խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ միջազգային համաժողով, որին կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների գծով Գլխավոր քարտուղարի օգնական Էդմոն Մյուլեն», - նշել է արտգործնախարարը:

Ըստ Նալբանդյանի՝ ԵԱՀԿ ընդհանուր տարածաշրջանի մարտահրավերները և հիմնախնդիրները կարող են էականորեն տարբեր լինել և դրանց համար չկան հակամարտությունների կարգավորման համընդհանուր դեղատոմսեր: Նրա խոսքով՝ երկու օր առաջ այստեղ ՄԱԿ-ում տեղի ունեցած Առաջնորդների Խաղաղապահության հարցերով գագաթաժողովը ողջունեց ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների Բարձր մակարդակի խորհրդի զեկույցը, որը զգուշացնում է՝ «շատ հաճախ մանդատները և առաքելությունները ստեղծվում են ձևանմուշների հիման վրա` ի հակառակ անհատականացվելու՝ որպես աջակցություն իրավիճակին հատուկ քաղաքական ռազմավարություններին: Յուրաքանրչյուր իրավիճակի վերաբերյալ մենք պետք է մշակենք անհատական մոտեցումներ՝ խուսափելու համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում ընթացիկ գործընթացներին վնասելուց կամ միջամտելուց»:

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա։ «Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը», - ասել է նա:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոսել էր Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների հայտնվելու մասին պարբերաբար տարածվող խոսակցթյունների վերաբերյալ հարցմանն ի պատասխան նա հայրարարել է, թե ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ համանախագահ և հարևան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: «Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, և թեման արդեն իսկ քննարկվել է», - ասել է նա:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:

Հոկտեմբերի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (28 արկ) և 82 (31 արկ) մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 (20 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (56 արկ), 82 (11 արկ) և 120 (7 արկ) մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 (3 արկ), ՍՊԳ-9 (3 արկ) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (6 արկ):

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը: