2 հոկտեմբերի 2015 - 17:08 AMT
Բրիտանացի վերլուծաբան. Պատերազմի անխուսափելիության դեպքում ՀՀ-ն կարող է ճանաչել ԼՂՀ-ն

Եթե իրավիճակը շփման գոտում սրվի և պատերազմական գործողություններն անխուսափելի լինեն, ապա դրան կարող է հաջորդել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը: Այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողներին հայտարարել է Հանուն միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

Անդրադառնալով Հայաստանի նախագահի հայտարարությանն առ այն, որ ԼՂ-ն Հայաստանի անբաժան մասն է, դե Վաալը ասել է, որ դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում որևէ նոր բան չի նշանակում:

«Դա յուրահատուկ սպառնալիք էր ուղղված Ադրբեջանին», - նկատել է վերլուծաբանը:

Նա նաև նշել է, որ գերտերություններն ունեն իրենց խնդիրները, և ղարաբաղյան հակամարտության սրման հարցում հետաքրքրված չեն:

Թոմաս դե Վաալը բրիտանական լրագրող և գրող, հայտնի է Հարավային Կովկասյան հակամարտությունների ու քաղաքականության թեմայով իր վերլուծություններով։

Պատասխանելով հարցին, թե ինչի կհանգեցնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահ ուժերի տեղակայումը, վերլուծաբանը նկատել է, որ դա չի կարող միայն ռուսական զորքը լինել ու հավելել. «Ռուս խաղաղապահ զորքերին կմիանան նաև Ֆրանսիան, ԱՄՆ-ն: Ռուսական կողմը խաղաղապահ առաքելության մեջ գրեակշռող դեր կունենա, եթե հայկական ու ադրբեջանական կողմերը դրան դրական արձագանքեն», մեջբերում է Panorama.am-ը:

Տես նաև. Ուորլիքը խաղաղապահների մասին. Ըստ ԱՄՆ-ի, համանախագահների ու հարևանների զինվորները Ղարաբաղում չպիտի լինեն

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:

Հոկտեմբերի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (28 արկ) և 82 (31 արկ) մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 (20 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (56 արկ), 82 (11 արկ) և 120 (7 արկ) մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 (3 արկ), ՍՊԳ-9 (3 արկ) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (6 արկ):

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: