2 հոկտեմբերի 2015 - 18:00 AMT
Թուրքիայի քրդամետ կուսակցությունն ընտրվելու դեպքում պետականորեն կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Անկարայում անցկացված ժողովի ընթացքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը ներկայացրել են ԺԴԿ-ի նախընտրական ծրագիրը, որում նշվում է, թե ընտրվելու դեպքում կուսակցությունը պարտավորվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Յուքսեքդաղի խոսքով՝ կուսակցությունը պատմության ընթացքում տարբեր ազգերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունների ու կոտորածների համար պետության անունից ներողություն խնդրելու համար աշխատանքներ է իրականացնելու, Yeni Şafak-ին հղումով գրում է Tert.am-ը:

Քուրդ գործիչը նշել է, որ ընտրվելու դեպքում իրենք վերացնելու են Հայաստանի տնտեսական շրջափակումն ու զարգացնելու են տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև առանց նախապայմանների բացելու են հայ-թուրքական սահմանը։

«Հայերի հետ բարեկամության կամուրջներ ենք կառուցելու»,-ասել է նա։

Թուրքիայում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններից հետո իշխող կուսակցությանը չէր հաջողվել մեծամասնություն դառնալ և կառավարություն ձևավորել։ Կոալիցիոն կառավարություն ստեղծելու բանակցությունները ևս ապարդյուն էին անցել։

Թուրքիայում նոյեմբերի 1-ին նոր խորհրդարանական ընտրություններ են կայանալու։