2 հոկտեմբերի 2015 - 18:59 AMT
Իրավապաշտպան Ռոբերթսոնը մրցանակ կստանա՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ավանդի համար

Անվանի իրավապաշտպան, փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը կարժանանա «Արդարության պաշտպաններ» մրցանակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար։

Մրցանակը կտրվի հոկտեմբերի 25-ին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակի կազմակերպած ամենամյա գալա ընդունելության ժամանակ։

Իրավապաշտպանը կմասնակցի նաև «Ճանապարհ դեպի հատուցում» թեմայով քննարկմանը, Asbarez.comհղումով գրում է Tert.am-ը:

Ռոբերթսոնի հետ համաժողովին ներկա կլինի միջազգային իրավունքի մասնագետ Գառնիկ Քրքոնյանը, ով իրավապաշտպանի հետ կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը միջազգային իրավական ոլորտում, ինչպես նաև Հայկական հարցի լուծման իրավական ուղիները Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին հաջորդող շրջանում:

2015-ի հունվարին Ռոբերթսոնը և Ամալ Քլունին ներկայացրել են Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում:

Ռոբերթսոնը միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետ է, իրավապաշտպան, «Անհարմար Ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերին» գրքի հեղինակը: «Հայերը Արևելյան Թուրքիայի իրենց պատմական հողերն են հետ ուզում, ինչը շատ է (թերևս ես կառաջարկեի վեհաշուք Արարատ լեռը վերադարձնել՝ որպես հաշտության նշան), բայց ավելի շատ նրանք ուզում են այն, ինչը պե՛տք է ունենան՝ Թուրքիայի, ինչպես նաև Բրիտանիայի ճանաչումն առ այն, որ 1915 թվականին կատարվածը ոչ թե ողբերգություն է, այլ հանցագործություն: Հանցագործություն մարդկության հանդեպ, ինչպես Բրիտանիան անվանել է 1915 թվականին և պիտի անվանի 2015-ին»,-գրել էր նա տարեսկզբին The Guardian-ում տպագրված հոդվածում:

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» լսումների ժամանակ դատավարության իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը Թալեաթ Փաշային անվանել է թուրքական Հիտլեր: Նա հայտարարել է՝ ժամանակակից աշխարհը պետք է ապրի ազատ, առանց խտրականության և ատելության: