3 հոկտեմբերի 2015 - 13:14 AMT
ԻՊ-ի կողմից առևանգված սիրիահայերն ազատ են արձակվել. Նրանք Երևանում են

Սեպտեմբերի 19-ին Հալեպ-Բեյրութ ճանապարհին ԻՊ զինյալների կողմից առևանգված սիրիահայ հայր և որդի Գևորգ և Ջորջ-Սարգիս Չափարյաններն ազատ են արձակվել:

Առևանգվելուց առաջ նրանք Սիրիայից Լիբանան էին տեղափոխվում` Հայաստան գալու համար: Չափարյանները, օրեր շարունակ զինյալների հսկողության տակ մնալուց հետո, ազատ են արձակվել Բեյրութի, Դամասկոսի և Երևանի մի շարք ազդեցիկ մարդկանց միջնորդություններով:

Հոկտեմբերի 2-ին նրանք հասել են Երևան, գրում է Arevelk.am-ը:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Սիրիական ճգնաժամից հետո արաբական հանրապետությունից հեռացել է 10.000 հայ:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։