31 հոկտեմբերի 2006 - 17:49 AMT
Ֆինանլանդիան փորձում է կանխել Թուրքիա-ԵՄ բանակցությունների տապալումը
Ֆինլանդիան, որը ներկայումս նախագահում է Եվրամիությունում, ընթացիկ շաբաթավերջին նախաձեռնում է «ճգնաժամային բանակցություններ»` կանխելու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների տապալումը: Նոյեմբերի 5-6-ին Ֆինլանդիայում անցկացվելիք հավաքին ակնկալվում է Թուրքիայի եւ Հունաստանի, ինչպես նաեւ Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը: Ֆինն դիվանագետները հրաժարվել են հաստատել կամ հերքել տեղեկատվությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նշենք, որ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը ներկայացնելու է Թուրքիայում իրականացվող արեփոխումների ընթացքին նվիրված զեկույց: Սպասվում է, որ փաստաթուղթը չափազանց քննադատական է լինելու: Լրագրողների ձեռքում հայտնված զեկույցի նախագծում կան Թուրքիայի իշխանությունների քննադատություն այն բանի համար, որ նրանք մինչեւ հիմա չեն կարողացել պատշաճ կարգով երկրում ապահովել խոսքի ազատությունը, ինչպես նաեւ վերջ տալ ձերբակալվածների տանջանքներին եւ հաստատել հանրության վերահսկողությունը բանակի նկատմամբ: