3 հոկտեմբերի 2015 - 18:28 AMT
ԼՂՀ ՊԲ խոսնակ. Պաշտպանության բանակը կորուստներ չունի

Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեսանյութ, գրելով, որ հայկական կողմն Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծման արդյունքում զոհեր ունի:

Դրան ի պատասխան, ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հայտարարել է, որ պաշտպանության բանակը որևէ կորուստ չի ունեցել, գրում է Razm.info-ն:

«Մենք մեր կորուստները չենք թաքցնում, եթե կորուստ ունենայինք, կգրեինք, կորուստ չունենք», - ասել է նա:

Հասրաթյանը հավելել է, որ Ադրբեջանի կողմից տարածված տեսագրությունները հաստատում են, թե ով է շփման գծում լարում իրադրությունը:

Վերջին շրջանում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել են չորս զինծառայող, վիրավորվել 16-ը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից (1566 արկ), 82մմ ականանետից (733 արկ), 120մմ ականանետից (51 արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168 արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):