1 նոյեմբերի 2006 - 14:11 AMT
«ԱրմենՏելի» ձեռքբերման մրցույթի հաղթողը դեռեւս հայտնի չէ
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը դեռեւս պաշտոնապես համապատասխան փաստաթուղթ չի ստացել OTE հունական ընկերությունից հայկական հեռահաղորդակցային «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է նախարարության մամլո քարտուղար Թամարա Գալեչյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հաղորդել է, որ, հավանաբար, OTE- համապատասխան փաստաթղթեր կներկայցնի կառավարությանը հոկտեմբերի կեսին: Նրա խոսքերով, հունական ընկերությունն, ըստ օրենքի, պետք է պաշտոնապես տեղեկացնի մրցույթի արդյունքների մասին: «ԱրմենՏելի» բաժնետոմսերի վաճառքի հարցով զբաղվում է անգլիական HSBC բանկը, դա OTE-ի խնդիրն է, թե ում նա կվաճառի իր բաժնետոմսերը, սակայն, իհարկե, հարկավոր է Հայաստանի կառավարության համաձայնությունը»,-նշել է Անդրանիկ Մանուկյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Նշենք, որ ընթացիկ տարում հունական OTE ընկերությունը մրցույթ էր հայտարարել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի իր 90 տոկոսը վաճառելու համար: Մրցույթին մասնակցել են 16 ընկերություններ, սակայն մրցույթի երկրորդ փուլ են դուրս եկել ռուսական «ՎիմպելԿոմ» եւ MTC ընկերությունները, ինչպես նաեւ ETISALAT (Emirates Telecommunications Corporation/Istithmar ETV -Emergent Telecom Ventures) եւ VTEL Holdings/Knightsbridge Associates ընկերությունները: