5 հոկտեմբերի 2015 - 10:19 AMT
ԼՂՀ ՊՆ. Հոկտեմբերի 3 և 4-ին հրադադարի խախտման դեպքերը նվազել են

Հանգստյան օրերին նկատվել է հրադադարի խախտման ռեժիմի դեպքերի նվազում: Վերոնշյալ ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (19 արկ), 82 (1 արկ) և 120 (1 արկ) մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 (17 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Վերջին շրջանում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել են չորս զինծառայող, վիրավորվել 16-ը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից (1566 արկ), 82մմ ականանետից (733 արկ), 120մմ ականանետից (51 արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168 արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):