5 հոկտեմբերի 2015 - 12:49 AMT
Հայերի, քրդերի և ալևիների համատեղ բողոքի ցույցը Ստրասբուրգում` Էրդողանի դեմ

Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ժամանելով Ստրասբուրգ, հանդիպել է քաղաքի թուրքական համայնքի հետ, որը հանրահավաքի էր դուրս եկել «Միասնական ճակատով` ընդդեմ ահաբեկչության» կարգախոսով:

Ըստ Euronews-ի, Էրդողանը Թուրքիայի հիմնական խնդիրն է համարել Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ու Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունը: «Նրանք ոչ մի դեպքում չեն կարող համարվել մեր քուրդ եղբայրների ներկայացուցիչները»,-ասել է Էրդողանը` կոչ անելով արտերկրում բնակվող հայրենակիցներին սատարել իր գլխավորած կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում: Ընտրությունները նախանշված են նոյեմբերի 1-ին, սակայն արտերկրի համայնքները կարող են քվեարկել արդեն հոկտեմբերի 8-ից սկսած:

Շենքի առջև, որտեղ ելույթ էր ունենում Էրդողանը, նաև բողոքի ցույց տեղի ունեցավ Էրդողանի դեմ, որին մասնակցեցին հազարավոր մարդիկ` քրդեր, թուրքեր, այլ ազգությունների ներկայացուցիչներ: Ինչպես գրում է Today’s Zaman-ը, Ֆրանսիայի ալևիների միության և Գերմանիայի ալևիների միության նախաձեռնած հանրահավաքին մասնակցել է մոտ 57 կազմակերպություն: Ցուցարարները դիմավորել են Էրդողանին «գող», «մարդասպան» և «Էրդողան հեռացիր» վանկարկումներով: Ֆրանսիայի ալևիների միության ղեկավար Հուսեյն Մաթը մասնավորապես հայտարարել է, որ Էրդողանը, որը քաոս սերմանեց Մերձավոր Արևելքում և Թուրքիայում, այժմ էլ փորձում է այն տարածել Եվրոպայում:

Ակցիային մասնակցել են նաև հայ համայնքի և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես «Հայորդի» երիտասարդական միության անդամները: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել ակցիայի մասնակից Թոմ Հակոբյանը, նրանք պահանջել են անհապաղ դադարեցնել ճնշումները` ներկայիս Թուրքիայի հանրապետությունում բնակվող հայերի նկատմամբ և վերջ տալ թուրք-քրդական բախումների ֆոնին հնչեցվող հակահայկական ռասիստական արտահայտություններին:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվեր: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չկարողացավ և ստիպված էր կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Սակայն 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվեց ձևավորել:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները, ինչին դեմ են ընդդիմադիր ուժերը:

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 1-ին: