5 հոկտեմբերի 2015 - 14:43 AMT
Անշարժ գույքի առուվաճառքը պարզեցվում է Հայաստանում առաջին մոբայլ հավելվածի միջոցով

Ոլորտում առաջատար «Երկիր» անշարժ գույքի գործակալությունը, հիմնադրված 2004-ին, ներկայացրել է Հայաստանում առաջին՝ Yerkir Real Estateմասնագիտացված մոբայլ հավելվածը։

Այն առավել դյուրին կդարձնի անշարժ գույքի առուվաճառքի, ինչպես նաև վարձակալության գործառույթները։ Հավելվածն արդեն իսկ անվճար հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար։

Yerkir Real Estate հավելվածի գլխավոր առանձնահատկությունն է ներդրված հիփոթեքային հաշվիչը։ Օգտատերը, հաշվիչում նշելով անշարժ գույքի արժեքը, կանխավճարի և ամսական տոկոսադրույքները, ինչպես նաև վարկի մարման ժամկետը, կարող է իմանալ ամսական վճարումների չափը։ Հավելվածում ներկայացված անշարժ գույքի յուրաքանչյուր լոտի նկարագրություն ներառում է նաև հիպոթեքային հաշվիչով արված՝ ամսական վճարման չափաբաժինը։

Օգտատերը կարող է հավելվածի միջոցով գտնել իրեն հետաքրքրող անշարժ գույքը ոչ միայն ըստ արժեքի, այլև՝ ըստ տեղակայման՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հանրապետության ամբողջ տարածքում։ Ներբեռնելով անհրաժեշտ պարամետրերը՝ օգտատերը կգտնի դրանց համապատասխան անշարժ գույքը՝ ներդրված քարտեզի միջոցով։ Հավելվածում ներկայացված է վաճառվող, կամ վարձակալության ներկայացված անշարժ գույքի մասին ամբողջ տեղեկատվությունը։

Եթե օգտատերը չի գտել իրեն համապատասխանող անշարժ գույքը, ապա հավելվածը նրա ցանկությամբ կպահպանի տեղեկատվությունը և կզգուշացնի՝ բազայում նման անշարժ գույքի հայտնվելուն պես։ Հավելվածը միացված է «Երկիր» անշարժ գույքի գործակալության կայքին և պարբերաբար թարմացվում է։ Վաճառքի կամ վարձակալության ներկայացված անշարժ գույքի գնային փոփոխության դեպքում այն անմիջապես արտացոլվում է հավելվածում, հետևաբար՝ բազան միշտ թարմ է։