5 հոկտեմբերի 2015 - 19:39 AMT
Վնասվել են Դիարբեքիրի պարիսպները. Տուժել են նաև հայկական եկեղեցիներ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր կոչվող վարչական շրջանում վերջերս տեղի ունեցած թուրք-քրդական զինված բախումների ժամանակ զոհերից և վիրավորներից բացի մեծապես վնաս է հասցվել նաև քաղաքի պատմական հուշարձաններին:

Թուրքական Evrensel.net լրատվակայքի համաձայն՝ փոխհրաձգությունների և գնդակոծությունների հետևանքով որոշ հատվածներում վնասվել են Դիարբեքիրի հնագույն պարիսպները, տուժել են նաև Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս և հայկական կաթոլիկ եկեղեցիները, գրում է Ermenihaber.am-ը:

Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության բաժնի ղեկավար Նևին Սոյուքայան հիշեցրել է, որ 2015թ. հուլիսի 4-ին անտիկ Դիարբեքիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Սոյուքայան նշել է, որ այս առումով իրենք հատկապես կարևոր պատասխանատվություն են կրում՝ Դիարբեքիրում գտնվող պատմական հուշարձանների պահպանության համար և ընդգծել, որ Թուրքիայի ղեկավարությանը, որը պետության անունից խոստացել է պահպանել համաշխարհային մշակութային ժառանգություն համարվող այդ հուշարձանները, Դիարբեքիրի տարածքում որոշակի գործողություններ ձեռնարկելիս պետք է նկատի ունենա նաև այդ հանգամանքը:

Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում դեռևս ինքնությունները չպարզված անձինք հոկտեմբերի 1-ին զինված հարձակում են գործել թուրքական բանակի երկու զինծառայողի (1 ենթասպա, 1 սերժանտ) վրա, որի հետևանքով վերջիններս սպանվել են:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար: