5 հոկտեմբերի 2015 - 19:51 AMT
Աղբյուր. Թուրքական արխիվները բաց են միայն հօգուտ պետշահերի աշխատող հետազոտողների համար

Հայերի, ասորիների ցեղասպանության մասին նյութերի հասանելիության տեսակետից թուրքական արխիվների բաց լինելու մասին պնդումները հեռու են իրականությունից: Այս մասին գրում է Devrimcikaradeniz.com կայքը։

«Այո՛, արխիվները բաց են, սակայն միայն թուրքական պետական շահերի համար աշխատող հետազոտողների համար», - կայքին հղումով գրում է Tert.am-ը:

Թուրքական արխիվներ մտած մի քանի հոգուց մեկն էլ Լոնդոնի Կոմիտասի անվան ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանն է: Սակայն նա էլ չափազանց սահմանափակ բաներից է կարողացել օգտվել:

Իր հոդվածներից մեկում Սարաֆյանը գրում է. «Արխիվների պաշտոնյաներն իրավունք ունեն առգրավել բոլոր փաստաթղթերը և միայն որոշներն են թույլ տալիս ուսումնասիրել։ Փաստաթղթերի պարունակությունը նախ կարդում են՝ ուսումնասիրողին տրամադրելուց առաջ, և արխիվի աշխատակիցն է որոշում՝ նյութերը հանձնե՞լ հետազոտողին, թե՞ ոչ»:

Սարաֆյանը Թուրքիայից հեռանալուց կարճ ժամանակ անց «պերսոնա նոն գրատա»՝ «անցանկալի անձ» հայտարարվեց, չեղարկվեց նաև նրա թուրքական վիզան, հիշեցնում է կայքը։

Եթե Թուրքիային մեղադրում ենք արխիվները չբացելու համար, այդ դեպքում ցեղասպանության մասին այդքան բան որտեղի՞ց գիտենք, գրում է լրատվամիջոցը։

Պատասխանը հետևյալն է. Թուրքիայի արխիվներին հասնել ու ուսումնասիրել չենք կարողանում, սակայն Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու այլ երկրների արխիվները կարողացել են մեկտեղել (նկատի ունենալով հայկական կողմին-Խմբ.)։

Եթե ոմանք Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Ամերիկայի փաստաթղթերը ռազմական քարոզչություն կոչելով փորձեն շրջանցել, Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի մոտ առկա փաստաթղթերի վերաբերյալ նման պնդումներ անելը շատ ծիծաղելի կլիներ։

Դրանց ի հավելումն, առկա են նաև Շվեդիայի նման անկողմնակալ երկրի արխիվները, որտեղ ցեղասպանության պատմական իրողությունը հաստատող անթիվ փաստաթղթեր կան։