6 հոկտեմբերի 2015 - 12:51 AMT
Էրդողանը կարծում է, որ «անհնար է ԵՄ ապագան դիտարկել առանց Թուրքիայի»

Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը նրա ռազմավարական ընտրությունն է, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում` ելույթ ունենալով Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ճեպազրույցում:

«Եվրամիության համար կարևոր է բանավեճեր անցկացնել Թուրքիայի հետ որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկրի հետ և տարածաշրջանային հարցեր քննարկել: Անհնար է դիտարկել ԵՄ ապագան առանց Թուրքիայի: Պարոն Տուսկի հետ զրույցում ես նշեցի, որ անդամակցությունը ԵՄ-ին մեր ռազմավարական ընտրությունն է: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացմանը»,-ասել է Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Եվրամիությունը կարող է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար: Այս որոշումը կարող է ընդունվել, եթե Անկարան ընդունի Բրյուսելի պայմանները:

«ԵՄ-ն կարող է թույլ տալ Թուրքիայի քաղաքացիների ազատ մուտքը, սակայն փոխարենը պահանջում է, որ թուրքերը հույների հետ միասին պարեկեն Էգեյան ծովի արևելյան հատվածը, ինչպես նաև, որպեսզի ԵՄ-ն Թուրքիայում փախստականների ընդունման և գրանցման 6 կետ բացի և կառավարի»,-ասել է աղբյուրը: Նա նշել է, որ այս հարցը ԵՄ կառույցների ղեկավարները քննարկելու են Թուրքիայի նախագահի հետ Բելգիա այցի ժամանակ:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում:

Բանակցությունները բազմիցս են բարդացել տարաձայնությունների պատճառով և կասեցվել: Գլխավոր խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Կիպրոսի հարցում: Կարևոր փուլ եղավ 2013-ի դեկտեմբերին ռեադմիսիայի մասին պայմանագրի կնքումը Թուրքիայի հետ: 2014-ի հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում:

Հունիսին ԵՄ գծով Թուրքիայի նախարար Վոլկան Բոզկիրն անընդունելի համարեց Անկարայի համար Եվրախորհրդարանի ամենամյա զեկույցի դրույթները ԵՄ-ին անդամակցության պատրաստականության մասին Թուրքիայի գնահատականի վերաբերյալ: Նա նամակ հղեց ԵԽ ղեկավար Մարտին Շուլցին, քաղաքական խմբակցությունների առաջնորդներին` հայտնելով Թուրքիայի վերաբերմունքը զեկույցի որոշ դրույթների վերաբերյալ:

Նամակում ասվում էր, որ եթե վերջնական տեքստում մնան ԵԽ դրույթները Հայոց ցեղասպանության, ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու դրույթները, ինչպես նաև մինչև ԵՄ-ին անդամակցելը Թուրքիային հատկացվելիք ֆինանսական օգնությունը սառեցնելու կոչը, ապա Անկարայի համար «նման զեկույցն անընդունելի կլինի»: Նամակի որոշ հատվածներ ներկայացված են Թուրքիայի ԵՄ գծով նախարարության կայքում: Բոզկիրը նաև «զգուշացրեց» եվրոպացիներին, որ զեկույցը չպետք է «միակողմանի բովանդակություն» ունենա, ինչը կարող է բացասաբար ազդել Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ բանակցությունների վրա:

Մինչ այդ ԵԽ անդամներն առաջարկել էին ամենամյա զեկույցում 442 ուղղում կատարել: