Ամերիկյան Google ընկերությունը բջջային հավելվածներ կմշակի սմարթֆոնների համար Windows 10 օպերացիոն համակարգի հիման վրա: Այդ մասին հայտնում են ցանցային աղբյուրները:
Ամերիկյան Google-ն ու Microsoft-ը պայմանավորվել են դադարեցնել «պատենտային պատերազմը»` հրաժարվելով պատենտային իրավունքների խախտումներին առնչվող բոլոր դատավարությունները շարունակելուց: Դա թույլ է տվել նրանց համաձայնեցնել 18 հայց, որոնք քննում էին ԱՄՆ և Գերմանիայի դատարանները: «Google-ն ու Microsoft-ը պայմանավորվել են համագործակցել մի շարք պատենտային հարցերում և մենք հուսով ենք, որ միասին կաշխատենք ապագայում նաև այլ ոլորտներում»,-ասվում է երկու հսկաների համատեղ հայտարարության մեջ:
Մինչ օրս Google-ն առանձնապես չէր հետաքրքրվում Windows Phone հենքի վրա սարքերի օգտատերերով: Նույնիսկ երբ Microsoft-ն իր ուժերով փորձեց YouTube հարմար ծրագիր ստեղծել, ինտերնետ հսկան պահանջեց հեռացնել ծրագիրը պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Կողմնակի մշակողների առաջարկները հաճախ զիջում են ծառայությունների նույնիսկ բրաուզերային տարբերակներին, իսկ Hangouts-ի պաշտոնական կայքն ընդհանրապես հարմարեցված չէ Windows-սմարթֆոնների համար:
Սակայն, Windows Phone-ն այնուամենայնիվ հասավ հաջողության որոշ հատվածներում: Եվրոպայում մեծ տարածում ստացան Lumia բյուջետային սմարթֆոնները, իսկ Մեծ Բրիտանիայի կորպորատիվ հեռախոսների շուկայում բջջայինների համար Microsoft-ի ՕՀ բաժինն արդեն հատել է 25%-ի շեմը: Հավանաբար, Google-ի համար ուղղակի շահավետ չէ շարունակել անտեսել մրցակից հարթակը:
Ենթադրաբար, Windows Phone-ի համար Google-ի ծառայությունների պաշտոնական հաճախորդները կներկայացվեն Microsoft-ի նորույթների առաջիկա շնորհանդեսին, որը տեղի կունենա 2015-ի հոկտեմբերի 6-ին: