ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների խումբը Երևանից մեկնել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր` տեղի բնակչությանը, առաջին հերթին` երեխաներին, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Մասնագետները Իջևանի բժշկական կենտրոնում մոտ 100 բնակչին արդեն ցուցաբերել է բժշկական խորհրդատվություն: Խումբն այցելել է նաև վերջին օրերին գնդակոծության ենթարկված գյուղեր:
Մասնագիտական խմբում ներգրավված են բժիշկներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Քանաքեռ-Զեյթուն», «Իզմիրլյան» բժշկական կենտրոններից և ՀՀ ԱՆ Նևրոզների կլինիկայից:
Սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է:
Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:
Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով Բերդավանի խաղաղ բնակիչներ 94-ամյա Շուշան Ասատրյանից և 41-ամյա Սոնյա Ռևազյանիցբացի զոհվել էր նաև Պառավաքարի բնակիչ, 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս երկուսը վիրավորվել: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:
Տավուշի Պառավաքար գյուղում սեպտեմբերի 28-ին հակառակորդի կրակոցից գյուղի բնակիչներից մեկը վնասվածք է ստացել: Գյուղացին վնասվածքը ստացել է խաղողի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս: